Տնտեսական

Նոր ձևավորվելիք կառավարության առաջին քայլերը


«Կարեն Կարապետյանի թիմի և կառավարության աշխատանքը շատ կարևոր էր այս անցումային շրջանում»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրանք կարողացան բիզնես միջավայրը լավացնել, բավականին վճռական դիրքերով սկսեցին պայքարել կոռուպցիայի և ստվերի դեմ, դա անպայման պետք է բարձր գնահատել՝ ասել է նա:

Մակարյանը նաև վերջին օրերին Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների տնտեսական հաշվարկներն է ներկայացրել ու խոսել նոր ձևավորվելիք կառավարության առաջին քայլերից:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հաշվարկել է՝ եթե հինգ աշխատանքային օր գործադուլ է արվում, ապա ՀՆԱ-ի վրա այն 2 տոկոս  ազդեցություն է  ունենում: Մոտ երկու շաբաթ արդեն Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է, գործադուլներ, կազմակերպիչների խոսքով՝ համաժողովրդական շարժում:

Մայիսի 1-ին ԱԺ-ում  վարչապետի ընտրություններ են: Զարգացումներից դատելով՝ կարող ենք փաստել՝ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է լինելու: Տնտեսագետը հաշվարկներ է անում ու եզրակացնում՝

«Որքան շուտ այն ավարտվի, այնքան ավելի լավ, կոչ եմ անում, խելամիտ կեցվածք դրսեվորել»:

Նոր ձևավորվելիք կառավարությունում կադրերի խնդիր չենք ունենա՝ ասում է Մակարյանը:

Սեփականության իրավունքի ու բիզնեսից հաշվեհարդար չտեսնելու երաշխիքի տրամադրում. Գագիկ Մակարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս պետք է հստակեցնի ու վստահեցնի:

Միջազգայնագետ Աշոտ Հայրապետյանը, մատնանշելով միջազգային փորձը, նշում է. «Չպետք է լինի գույքի բռնագրավում»:

Պետք է բացառել բիզնեսի սերտաճման հնարավորությունը՝ ասում է  Գագիկ Մակարյանը:

Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը մենաշնորհն է՝ կարծում է տնտեսագետ Խաչատուր Ադամյանը: Նա վստահ է՝ եթե դրանք վերանան, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Գագիկ Մակարյանին խնդրեցինք գնահատել նաև Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը: Ասաց՝ դրական է գնահատում, կարևորեց  կատարած աշխատանքն ու ընդգծեց՝ կառավարության բուն ծրագիրը 5 տարվա համար էր և մեկ տարին դեռ չի լրացել։

Back to top button