Հասարակություն

Ով է դիմում արհմիությունների օգնությանը

Մայիսի մեկը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Աշխարհի 142 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում նշում են  մայիսի 1-ը: Այն ոչ աշխատանքային է։  Ներքաղաքական վերջին իրադարձություններին ընթացքում շատ էր խոսվում նաեւ գործադուլի մասին։

«Ռադիոլուրը» Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Բորիս Նավասարդյանից փորձել է պարզել, արհմիություններն իրենք արդյոք կազմակերպել են երբեւէ գործադուլներ՝ ի պաշտպանություն աշխատողների շահերի եւ աշխատողները երբեւէ դիմում են արհմիությանը՝ իրենց շահերի պաշտպանության համար։

 

Ներքաղաքական իրադարձությունների ընթացքում բազմիցս հնչեցին գործադուլ հայտարարելու կոչեր: Եվ շատ տեղերում էլ եղան գործադուլավորներ: ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը շեշտում է՝ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է գործադուլ իրականացնելու կարգը: Օրինական գործադուլ իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գործողություններ.

«Պետք է նախազգուշացվի գործատուն տարբեր դեպքերի համար, տարբեր ոլորտների համար 7 կամ 14 օր առաջ: Կան ոլորտներ, որտեղ արգելված է գործադուլ հայտարարելը:  Առաջին անհրաժեշտության և կարևորություն ունեցող  ոլորտները, մնացածների համար սահմանված է  նման ժամկետ, որ պետք է նախազգուշացվի:  Պետք է գրավոր ներկայացնել պահանջները»:

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով‘ այսօր չկա վերոնշյալ  պահանջներին համապատասխան  որևէ արհեստակցական կազմնակերպություն, որը հայտարարել է գործադուլ:  Աշխատանքային օրենսգիրքն ընդունելուց հետո  արհմիությունների անդամ կազմակերպություններում անգամ չեն եղել գործադուլի դեպքեր: Պատճառներից մեկը, ըստ Բորիս Խառատյանի,  օրենքի պահանջներն են, ըստ որոնց բարդ է գործադուլ հայտարարելը:

«Եթե գործադուլը ճանաչվեց անօրինական, ապա ամբողջ պատասխանատվությունը գործադուլի հետևանքների համար կրում է արհմիությունը: Որովհետև  մենակ ինքը ունի այդ  մենաշնորհը: Ոչ ոք իրավասու չէ և իրավունք չունի»:

Եթե գործադուլ անելու համար աշխատանքային օրենսդրությունը սահմանում է կոլեկտիվի 2/3-ի համաձայնությունը փակ գաղտնի քվեարկությամբ, ապա նախատեսված փոփոխություններով առաջարկվում է  նվազեցնել մինչև կեսը։ Այսինքն՝ կոլեկտիվի կեսից ավելին համաձայնելու դեպքում գործադուլը կարող է համարվել օրինական։

Սակայն արհմիությունների խնդիրը ոչ թե գործադուլ կազմակերպելն է, այլ աշխատողների իրավունքների պաշտպանությունը։ Ո՞ր ոլորտների աշխատողների իրավունքներն են հիմնականում ոտնահարվում: Արհմիությունների կոնֆեդերացիան ուսումնասիրություններ չի կատարել, սակայն  Բորիս Խառատյանը նշեց, որ ընդհանուր առմամբ խախտումներ են արձանագրվում սպասարկման ոլորտում: Գոնե իրենց հիմնականում դիմում են աշխատանքային պայմանագրերի լուծման, վնասի հատուցմնան հետ կապված հարցերով:

«Կա 1000 հոգի աշխատող, որոնք նախկինում ստացել են վնաս և այսօր հատուցում չեն ստանում: Իրավիճակն էլ  անդրադառնում է թոշակի ձևակերպման վրա: Քանի որ մեր մոտ կենսաթոշակի մեծությունը հիմնված  է աշխատանքային ստաժի վրա, իսկ աշխատանքային խեղում ստացած աշխատողը արդեն չի կարողանում շարունակել իր աշխատանքային գործունեությունը: Այսինքն՝ այստեղ  նա կորուստ է ունենում»:

Լինում են գործատուի կողմից խախտումներ, սակայն շատ դեպքերում էլ  աշխատողն ինքը չի ցանկանում դիմել արհմիությունների օգնությանը: Նման դեպքեր շատ են եղել, ասում է Բորիս Խառատյանը: Այստեղ մտածողության հետ կախված խնդիր կա: «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցումներն էլ պարզեցին, որ արհմիությունների օգնությանը մեր համաքաղաքացիները երբեւէ չեն դիմել:

Back to top button