Քաղաքական

Ստեղծված վիճակը բացառիկ՝ ոչ միայն քաղաքական, այլև իրավական առումով

Քաղաքական բոլոր դերակատարները լիակատար համաձայնություն ունեն առնվազն մեկ հարցում. միակարծիք են, որ իրավիճակի  հանգուցալուծման համար անհրաժեշտ են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Մոտեցումները տարբեր են դրանց անցկացման ժամկետների հարցում:

Շրջանառված ամենամոտ ժամկետը 2 ամիսն է, ամենահեռուն՝  մեկ տարին:  Թե երբ կանցկացվեն  արտահերթ ընտրությունները , քաղաքական ուժերը կորոշեն քննարկումների արդյունքում:

Մինչև դրանց կազմակերպումը, սակայն, գործելու է  6-րդ գումարման խորհրդարանը, գործելու է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության սասանված սահմաններով:

Բոլոր հարցերը փորձելու ենք լուծել համերաշխության ու քաղաքական համաձայնության մթնոլորտում՝ այսպես է արձագանքում  «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այն հարցերին, թե ինչպես է պատկերացնում գործակցությունը խորհրդարանական մեծամասնության հետ առնվազն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում  Ազգային ժողովում կստեղծվի ոչ ստանդարտ իրավիճակ: Առնվազն ճշգրտման կարիք կունենա հարցը, թե որ ուժն է ներկայացնում խորհրդարանական մեծամասնությունը, որը՝ ընդդիմությունը:

Ստեղծված իրավիճակը բացառիկ է ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական առումով:

Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով ՝ իրավիճակը փորձության լուրջ շրջան է 2015-ին փոփոխված Սահմանադրության համար:  Մասնավորապես, դրանով նախատեսված կայուն մեծմասնության, ընդդիմության 1/3 ներկայացվածության դրույթները ճշգրտման կարիք են ունենալու:

Փաստաբանի կարծիքով՝ հիմնական խնդիրները ՀՀԿ խմբակցության գործողությունների տիրույթում են: ՀՀԿ-ի դիրքորոշումից է կախված լինելու կառավարության ծրագրի հաստատումը, դրանից հետո մի շարք առանցքային հարցերի օրենսդրական կարգավորումը:

Իրավաբաններն այս փուլում ասում են, որ իրավիճակի վստահելի գործընկերն այս պահին իրավունքը չէ: Իրավական կարգավորումները սահմանվել են ամենեևին ոչ այն կանխավարկածով, որ փորձարկվելու են ֆորսմաժորային իրավիճակում: Դրանցից շատերը գործարկվել կկարողանան քաղաքական համաձայնությունների կայացման դեպքում միայն:

Իսկ քաղաքական համաձայնություններն առայժմ կայացման փուլում են: Շատ բան կախված է այն դիրքորոծումից, որը խորհրդարանական մեծմասնությունը կորդեգրի վաղը վարչապետ ընտրելիս:

Back to top button