Մշակույթ

Ազգային պատկերասրահում կբացվի Վալմարի ցուցահանդեսը

Մայիսի 4-ին, ժամը 15.00-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացվելու են շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական ճանապարհը, մտորումներն ու զգացումները: Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 30-ը, հայտնում է Ազգային պատկերասրահի լրատվական ծառայությունից։

Վալմարը (Վոլոդյա Մարգարյան) ծնվել է 1948թ. ապրիլի 21-ին, Գյումրիում:
1966թ. ավարտել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ ավարտելով Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշակերտել է Երվանդ Քոչարին:

1972թ. բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսների:
1976-1980թթ. աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն:
1980-2006թթ.՝ Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ:
1976թ.՝ Հայաստանի նկարիչների միության անդամ:
1994թ.՝ Նկարիչների միջազգային միության անդամ (UNESCO):
2006թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:
2007թ. Մաշտոց կրթամշակութային կենտրոնի նախագահության կողմից արժանացել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» ոսկե մեդալին:
2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2011թ. պարգևատրվել է ՀՀ Վարչապետի հուշամեդալով:
2011թ. պարգևատրվել է Գյումրիի պատվավոր «ՎԱՐՊԵՏ» ոսկյա կրծքանշանով:
2013թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
2013թ. արժանացել է Հայ-ռուսական համալսարանի կողմից՝ «Տարվա մարդ» կոչմանը գեղանկարչության ասպարեզում:
2015թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:
Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 48-ից ավելի անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ:

Վերջին տարիներին Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գործող պատկերասրահների հետ:

Back to top button