ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, Իջեւանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն այսօր իր հայրենի Իջեւանում կայացած հանրահավաքում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քաղաքական ներկա գործընթացն ավարտին հասցնելու համար։

«Սա համաժողովրդական, թավշյա հեղափոխություն է, որին աջակցում է բնակչության 90 եւ ավելի տոկոսը»,- քաղաքի կենտրոնական հրապարակում բազմահազար հանրահավաքում հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ, եւ դրա արդյունքում իրենք պատրաստ են բանակցությունների։

Նա նշեց, որ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում։ «Ուզում եմ հաստատել, որ պատրաստ ենք բանակցությունների եւ շահագրգիռ ենք օր առաջ այս խնդիրը լուծել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Նա պատրաստակամություն հայտնեց ուղիղ բանակցություններ սկսել ԱԺ  ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, «հանդիպել մի սենյակում», առաջարկել իրենց լուծումները եւ լսել հանրապետականների առաջարկները։

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնել նաեւ հանդիպել բոլոր պատգամավորների հետ, եթե նման անհրաժեշտություն կա։

Միաժամանակ բանակցողները պետք է հասկանան, որ «այն արժեքները, որ ձեւավորվել են քաղաքական այս գործընթացի արդյունքում՝ այլեւս անշրջելի են»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Իջեւանի ավագանուն, որը պաշտոնական հայտարարությամբ միացել է իր ղեկավարած շարժմանը եւ ակնկալում է, որ նման հայտարարությամբ հանդես կգա նաեւ Իջեւանի քաղաքապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button