Հասարակություն

Ներքաղաքական «մարտեր» համացանցում. ինչպես խուսափել կեղծ լուրերից

Ներքաղաքական վերջին 14 օրերի զարգացումներին զուգահեռ, այսպես ասած <<մարտեր են>> ընթանում նաեւ համացանցում, տեղեկատվական այլ տիրույթներում: Կեղծ էջերի միջոցով ոչ հավաստի տեղեկատվություն է տարածվում մեդիա դաշտում, որի հորձանուտում են հայտնվում անգամ այն հայտնի ԶԼՄ-ները եւ պրոֆեսինալները, ովքեր, որպես կանոն, ինֆորմացիան ստուգելուց եւ վերստուգելուց հետո են միայն տարածում: Երեկ, ցավոք, լավ ծրագրված խաբեության զոհ են դարձել շատերը:

 

Նախօրեին Ռուսաստանի հայերի միության էլեկտրոնային փոստին նմանեցրած հասցեից հաղորդագրություն էր ուղարկվել ԶԼՄ-ներին՝ շարժմանն աջակցություն հայտնելու բովանդակությամբ: Լուրը տարածվեց տեղեկատվական տիրույթում, սակայն րոպեներ անց պարզ դարձավ, որ Արա Աբրահամյանը նման կոչով հանդես չի եկել: Սա դարձավ այն կարմիր գիծը, որը հարուցեց մեդիա փորձագետների, մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը եւ նրանք այսօր ֆեյսբուքյան էջերով զգոնության կոչ էին անում՝ շեշտելով, որ այս 14 օրերի ընթացքում երկկողմանի լրատվական «շախմատ» է ընթանում: Ինչի՞ց սկսկվեց: Առաջին կեղծ լուրը տարածվեց մինչեւ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ համացանցում տարածվեց, որ մահացել է Սարգսյանի մայրը: Այնուհետեւ, Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը, որը հերքվեց մամուլի խոսնակի միջոցով: Մյուսը՝ <<Երեւան Սիթի>> առեւտրային կենտրոններում վաճառվող սնունդում ավելացված է լուծողական պարունակող դեղամիջոցի մասին էր: Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը հավելում է եւս մի քանի կեղծ լուրեր, թվարկում սխալները եւ հորդորում՝ չտրվել կեղծ տեղեկատվությանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ անդրադառնում է տարածվող կեղծ լուրերի հեղինակների բացահայտմանը եւ ինֆորմացիայի ազդեցությանը, որպես օրինակ վերլուծում ԱՄՆ դեսպանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հանդիպմանը:

Սամվել Մարտիրոսյանն անգամ հատուկ կետերով առանձնացված օգտակար խորհուրդներ է հրապարակել՝ կեղծ օգտատերի եւ կեղծ լուրերի թակարդը չընկնելու համար: Մասնագետն առաջին կետով հորդորում է՝ նյութը տարածելուց առաջ ստուգել աղբյուրը, եթե անծանոթ է, ապա տեղեկատվությունը վերստուգել ավելի հայտնի եւ վստահելի մեդիայում:

«Եթե դուք զգում եք, որ հայտարարությունը ոճային նման չէ տվյալ քաղաքական գործչին, վստահեք ձեր ինտուիցիային, կասկածի տակ դրեք եւ փորձեք ստուգել։ Նույնիսկ վստահելի կամ պաշտոնական աղբյուրը կարող է բացահայտ սխալ լինել։ Օրինակ, ԱՄՆ դեսպանի “հայտարարությունը”, որը սկզբից հայտնվեց կառավարության էջում, բացահայտ հակասում էր իր նախորդ ասածներին խաղաղ երթերի վերաբերյալ։ Կես ժամ սպասելը թույլ տվեց հասկանալ, որ ներքին ձայնս չէր սխալվել։ Կամ Աշոտյանը երկրից որ թռել ա, ու քնած ֆոտո են դնում։ Թռնողը դժվար տենց անհոգ քնի ու կողքն էլ ինքնաթիռում ցույց չհավաքվի էսօրվա պայմաններում»։

Կիբերգրոհի փորձերի մասին է այսօր խոսել կառավարությունը: Տեղեկատվական բաժնից հայտնել են, որ փորձ է արվել կեղծ էլեկտրոնային հասցեներից նամակներ ուղարկել՝ վիրուս պարունակող կից նյութերով: Հակառակ կեղծ լուրերին ու օգտատերերին՝ մեդիա մասնագետները արձանագրում են, որ քաղաքական տեխնոլոգիաներն անթերի են կիրառում շարժման առաջնորդ ՆԻկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, բայց այստեղ արդեն իշխանամետներին եւ շարժման աջակիցներին միացել է նաեւ մյուսը՝ արտաքին գրոհները:

Մասնագետները կարծում են, որ քանի դեռ երկրում ներքաղաքական վիճակը չի կայունացել, կիբերգրոհներն ու կեղծ լուրերի տարածումները կշարունակվեն:  Հարկավոր է ուշադիր լինել ակնհայտ սադրանքներից, որը կարող է հանգեցնել ուղիղ բախման: Նման տեխնոլոգիաներ կիրառվել են այլ երկրներում՝ ասում է Տիգրան Քոչարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button