Հասարակություն

«Հայերի դանիացի մայրիկ»- ը. Քարեն Եփփենի մասին դանիերեն գիրքը լույս կտեսնի նաեւ հայերենով

1877 թ,-ին, երբ Քարեն Եփփեն 1 տարեկան էր, բժիշկները հույս չունեին, որ նա կապրի, բայց հակառակ բոլոր կանխատեսումների՝ նա ապրելու էր՝ ուրիշների կյանքը փրկելու համար:

Դանիացի միսիոներ և սոցիալական աշխատող Քարեն Եփփեն, ում հաճախ «Հայերի դանիացի մայրիկ» են անվանում, ուղղակի եւ անուղղակի հազարավոր հայերի կյանք է փրկել։

Նրա մասին շատ գրքեր են գրվել, բայց դանիացի գրող և լրագրող Կաարե Բլուտգենի «Քարեն Եփփե. Լույս ահաբեկչության մթի մեջ, մեկ ազգի պատմություն» գիրքը երեխաների համար է: Հեղինակն ասում է, որ կարևոր է երիտասարդներին պատմել Եփփեի մասին՝ հաշվի առնելով նրա ահռելի նպաստը Մեծ եղեռնի զոհերի փրկության գործում։

Կաարե Բլուտգենն ափոսոսում է, որ Հայոց ցեղասպանությունը Դանիայում «մոռացված պատմություն է»։

«Սա մանկական գիրք է ցեղասպանության ժամանակների նկարներով։ Նպատակն է երեխաներին սովորեցնել Հայոց ցեղասպանության պատմությունը։

Հետագայում հեղինակը ցանկանում է Քարեն Եփփեի կյանքի մասին վեպ գրել՝ պատմական փաստերի հիման վրա։

Ցեղասպանության օրերին նա ջուր և սնունդ էր հասցնում անապատներով անցնող գաղթականներին, իր տան նկուղում պատսպարում բազմաթիվ փախստական հայերի։

Քարեն Եփփեն մահացել է 1935 թ:-ին: Իր ցանկությամբ հոգեհանգիստը կազմակերպվել է Հայ առաքելական եկեղեցու ավանդույթով, իսկ մարմինն ամփոփվել է  Հալեպի հայկական եկեղեցու բակում: Հալեպում նրա հիմնած որբանոցը 1947 թ:-ին վերածվել է քոլեջի, սական 2015 թ:-ին գնդակոծվել է «Իսլամական պետության» կողմից:

«Դանիայում բոլորը գիտեն հրեաների Հոլոքոստի մասին, բայց շատ քչերն են տեղյակ Հայոց ցեղասպանության մասին»,- ասում է Կաարե Բլուտգենն:

Դանիան մինչեւ այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, չնայած այդ երկրի խորհրդարանը 2017 թ. հունվարին բանաձև ընդունեց՝ նշելով, որ բաց երկխոսությունն ու պաշտոնական արխիվների բացումը հաշտեցման լավագույն ուղին են»:

Կաարե Բլուտգենն ասում է, որ Դանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը ոչ թե այն պատճառով, որ չի ընդունում պատմական իրողությունը, այլ հավատարիմ մի սկզբունքի.

«Ընդհանուր ընկալումն այնպիսին է, որ դա պետության գործը չէ։ Նրանք նույնիսկ Հոլոքոսթը չեն ճանաչում»:

Կաարե Բլուտգենն առաջին անգամ է Հայաստանում, ասում է, որ հետաքրքիր է տեսնել և շփվել մի ազգի հետ, որի մասին գիրք ես գրել.

«Հաճելի է այստեղ գտնվել։ Երբ մի տարածաշրջանի ու ժողովրդի մասին գիրք ես գրում, հետաքրքիր է այնտեղ այցելել: Երևանն ինձ դուր է գալիս: Այստեղ շատ հանգիստ է, հանգիստ ու բարեհամբույր մարդիկ են ապրում»:

Կաարե Բլուտգենի գիրքն արդեն թարգմանվել է հայերեն, բայց դեռ չի տպագրվել։

 

Ցուցադրել ավելի
Back to top button