Տնտեսական

Հայաստանի ֆինանսական շուկան կայուն է


Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ֆինանսական կյանքի վրա չեն ազդում։

Ֆինանսական համակարգը կայուն է, անհանգստանալու կարիք չկա՝ նշել են «Ռադիոլուրի» զրուցակիցները՝ բանկիրները, տնտեսագետներն ու պետական կառույցների ներկայացուցիչները։

Մասնագետները որպես ապացույց փոխարժեքի շուկայի կայունությունն են մատնանշում և բանկերի՝ կապիտալի շեմի բարձրացումը:

Եթե ֆինանսական ներքին համակարգը կայուն է, ապա միջազգային ֆինանսական շուկայի  արձագանքը դրական չէ:

Ներքաղաքական ներկա իրավիճակում անգամ Հայաստանի ֆինանսական շուկան կայուն է՝ հայտարարում են ոլորտի մասնագետները: Թեմայի հետ կապված մտահոգությունները  «Ռադիոլուրի» հետ զրույցում փարատում է Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը.« Անհանգստանալու կարիք չկա»:

Զրուցակցիս խոսքով՝ բանկերը լրացուցիչ ներդրումներ են կատարել, 2017թ հունվարի մեկից  բանկերի  համար նվազագույն կապիտալի շեմ է  սահմանվել 30 մլրդ դրամը:

Կենտրոնական բանկում լռում են, փոխարենը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն է վստահեցնում՝ Հայաստանում  ֆինանսական շուկան կայուն է, ցնցումներ չկան: Միջազգային  շուկաներում, սակայն,  ներդրողներն անհանգստացած են   մեր երկրում տիրող իրավիճակից:

«Մինչև 23-ը եվրոբոնդերի եկամտաբերության աճ ունեցանք, 24-ին՝ եկամտաբերության  նվազեցում»:

Մասնագետները վստահեցնում են՝ եւ այժմ, եւ ապագայում անհանգստանալու ազդակներ չկան։

Back to top button