Քաղաքական

Իվանիշվիլիի վերադարձը իրարանցում է առաջացրել երկրի ներքաղաքական կյանքում

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը իրարանցում է առաջացրել երկրի ներքաղաքական կյանքում։

Ոմանք կարծում են նա վերադառնում է լուծելու կառավարությունում առկա «ճգնաժամը», ոմանք էլ հակադարձում են՝ նշելով, որ Իվանիշվիլիի օգնությամբ իշխող ուժը նախագահական ընտրություններին է պատրաստվում։

 

Վրաստանի նախկին նախագահ, այժմ վտարանդի Միխեիլ Սաակաշվիլին, որ ակտիվորեն հարցազրույցներ ու ֆեյբուքում գրառումներ է անում հայաստանյան իրադարձությունների մասին, Իվանիշվիլիի վերադարձը կապում է հենց հայաստանյան իրադարձությունների հետ։

«Իվանիշվիլին, վախեցած հարևան Հայաստանում օլիգարխիայի տապալմամբ, ստիպված է դուրս գալ հարմարավետ ստվերից ու անձնական պաշտպանությունը կրկին փնտրել բաց քաղաքականության մեջ: Մենք այս տարի, սակայն, վերջ կտանք Իվանիշվիլի իշխանությանն ու ժողովրդի կարիքներին»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի նախկին զինակիցները, մյուս խոշոր ընդդիմադիր կուսակցության՝ «Եվրոպական Վրաստանի»-ի անդամները նշում են, որ ակտիվ քաղաքականություն Իվանիշվիլիի վերադարձը խոսում է իշխող թիմում առկա խորը ճգնաժամի մասին։

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով իր հիմնած «Վրացական երազանք»-ով 2012թ․խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ, կարճ ժամանակ անց հեռացել էր քաղաքականությունից՝ նշելով, որ կվերադառնա «եթե Վրաստանում ինչ-որ ողբերգություն լինի»:

Կուսակցության ղեկավարի պաշտոնը փոխանցելով Իվանիշվիլիին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ անհրաժեշտ է հարթել ներկուսակցական հակասություններն ու  առավելագույնս ուժեղացնել «Վրացական երազանք» կուսակցությունը:

Վերջերս ներկուսակցական խնդիրների կիզակետում էր հայտնվել նաև վարչապետի հրաժարականի պահանջը, սակայն խնդիրները, ըստ կուսակցության անդամ Դավիթ Ճիճինաձեի, արդեն հարթված են, իսկ կառավարությունում որևէ ճգնաժամի մասին խոսք չի կարող լինել։

«Կուսակցության ղեկավարությունը Իվանիշվիլիի կողմից ստանձնելը մեծ նշանակություն ունի այս տարի Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հարցում։ Իվանիշվիլիի ներկայությունը միշտ զգացվում էր, նա ժամանակին է վերադարձել և կուսակցության զարգացման համար էական ազդակ կհանդիսանա»։

Թեև իշխող կուսակցությունում հավաստիացնում են, որ Իվանիշվիլիի վերադարձը փոփոխություններ չի ենթադրում, այդուհանդերձ հակամարտությունների հարցով փորձագետ Գիորգի Կանաշվիլին ասում է․

«Ես վստահ եմ, որ փոփոխությունները, եթե ոչ այսօր կամ վաղը, որոշ ժամանակ անց լինելու են․ այն պաշտոնյաները, ովքեր չեն կարողացել կատարել տրված խոստումները, աստիճանաբար հեռացվելու են»:

Կանաշվիլին նշում է, որ Վրաստանի կառավարությունում այսօր ճգնաժամ կա, սակայն, նա հույս ունի, որ դա ամբողջական փլուզման չի հանգեցնելու։

Ցուցադրել ավելի
Back to top button