Վերլուծական

Հայաստանը «կվարակի՞» Ռուսաստանին

Հայաստանյան իրադարձությունների ֆոնին շատերը Ռուսաստանում սկսել են քննարկել, թե ինչպե՞ս իրադարձությունները փոքր Հայաստանում կարող են ազդել Ռուսաստանի վրա: Խոսքը, իհարկե, ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի, այլ պարզապես՝ «վարակիչ» գործոնի մասին է: Եթե սկզբում իրադարձությունները չէին լուսաբանվում ռուսական մեդիայում, ապա մի քանի օր է, ինչ կազմակերպվում են տարբեր քննարկումներ եւ անգամ սոցցանցերի օգտատերերն են փորձում հասկանալ իրավիճակը:

Եթե ընդհանրացնենք բոլոր կարծիքներն, ապա ակնհայտ է դառնում երեք ուղղություն՝ ուրախություն հայերի համար, ուրախություն ռուսների համար, որ ազատվում են հայերից եւ երրորդը՝ կանխատեսումներ՝ արդյո՞ք նման զարգացումներ կարող են տեղի ունենալ Ռուսաստանում: Այս վերջին հարցի հստակ պատասխանն ունի Կարնեգի ֆոնդի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը:

«Ռուսաստանը Հայաստան չէ: Այստեղ իշխանությունն այդպես չի փոխվում: Այնտեղ ազգային, քաղաքական եւ իշխանության ուրիշ  մշակույթ է: Մենք այժմ, բնական է, ուրախանում ենք հայերի համար, որ այդպիսի միջոցներով կարողացան խուսափել հիպերավտորիտարիզմից: Սա այն մակարդակն է, որը թույլ է տալիս փոխել աճպարարությամբ զբաղվող իշխանությանը, որը դիմում է պաշտոնների կամ Սահմանադրության փոփոխության: Ի դեպ՝ սահմանադրական այն փոփոխությունը, որի մասին մեզ մոտ էլ են խոսում, թույլ կտա Վլադիմիր Պուտինի իշխանությունը պահել նաեւ 2024 թվականից հետո՝ վարչապետի գերլիազորություններ տալով եւ նախագահին թողնելով միայն արարողակարգային գործառույթներ: Վախենամ, որ մեր ժողովուրդը կհամակերպվեր այսպիսի փոփոխությունների հետ: Մեզ մոտ ընդհանրապես պատրաստակամության բարձր մակարդակ կա այսպիսի փոփոխությունների համար»: 

Ռուս վերլուծաբաններն իրենց վերլուծություններում չեն մոռանում, որ Հայաստանն անդրկովկասյան պետություն է, որտեղ բարձր արժեք է տված խոստումը պահելը: Այսպես ասենք՝ հասկանում են կովկասցիների սկզբունքները: Դա է պատճառը, որ տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն հայաստանյան քաղաքական զարգացումների մասին խոսելիս օգտագործում է «արժանապատվության հեղաշրջում» ձեւակերպումը՝ նշելով, որ իրենց մոտ՝ Ռուսաստանում այդպիսի մոտեցումներ չկան:

«Կյանքն այնպիսինն է, որ դժվար թե ուրիշների սխալներից հետեւություններ անենք: Ոմանք նույնիսկ սեփական սխալներից հետեւություններ չեն անում, հետեւաբար՝ ասել, որ Ռուսաստանը պետք է նայի Հայաստանին եւ փոխի իր մտածելակերպը՝ դա մանկապարտեզ է: Այդպես չի լինում»:

Այս պահի դրությամբ Ռուսաստանում համոզվել են, որ հայաստանյան շարժման հիմքում աշխարհաքաղաքական բախումներ չեն: Սերգեյ Ալեքսաշենկոյի կարծիքով՝ ցանկացած իշխանություն, որը կլինի Հայաստանում, դժվար թե Ռուսաստանի կոշտ ընդդիմադիրը դառնա, դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից կամ ասի, որ Ռուսաստանի հետ այլեւս ընկերություն չի անելու:

Լրագրող եւ իրավապաշտպան Ռոման Պոպկովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հասկանալի է, որ հայկական դժգոհությունը չունի ակնհայտ եւ ցցուն աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այդ առումով Կրեմլն ունի աշխատանքի տարածք: Բայց ամեն դեպքում անձամբ Պուտինին կատարվածը կատաղեցնում է: Ես համոզված եմ, նրան տհաճ է տեսնել այդ ամենը»:

Մոսկվայում լույս տեսնող «Նյու Թայմս» ամսագրի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացի կարծիքով՝ հետխորհրդային երկրների համար Հայաստանը լավ օրինակ ցույց տվեց, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության: Ինչպես կվարվեր Պուտինը Սերժ Սարգսյանի փոխարեն՝ հարցն այսօր հուզում է շատերին: Լրագրողի հարցին Եվգենիա Ալբացը տվեց իր կարծիքով ակնհայտ պատասխանը.

«Երեւի կրակելու հրաման կտար»,- ասում է խմբագիրը:

Սոցցանցերում գրառումների մի մասն էլ հեգնական են, հիմնված այն կարծիքի վրա, որ Հայաստանը դավաճանում է Ռուսաստանին փորձելով հեռանալ նրանից: Կանխատեսումներ՝ ինչ է լինելու Հայաստանի հետ առանց Ռուսաստանի կամ թե ինչպես կարող են վերադարձնել Հայաստանին, «քիթը տրորել»: Ահա այսպիսի մեկնաբանությունների հետ համաձայն չէ Կարնեգի ֆոնդի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը:

«Կարծում եմ, մենք ընդհանրապես գերագնահատում ենք Ռուսաստանի դերը Հայաստանի համար: Այո, Ռուսաստանը լուրջ հարեւան է, որոշ դեպքերում վտանգավոր հարեւան է, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել որոշ ռեսուրսներ, բայց նույն Հայաստանը երկար ժամանակ «զրուցում» էր ԵՄ հետ եւ շարժվում է նաեւ դեպի այդ կողմ: Դա բազմավեկտոր քաղաքականություն է, որը բնորոշ է հետխորհրդային շատ երկրների: Դրա համար էլ Հայաստանը գրպանային երկիր չէ:   

Մնում է միայն ավելացնել, որ Հայաստանում ՌԴ դեսպանատանն արդեն տեղի է ունեցել հանդիպումը շարժման ղեկավարների հետ:

Back to top button