Քաղաքական

Կառավարությունն այս կազմով հանդիպեց վերջին անգամ

Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությունն արդեն մի քանի օր է առանց նրա է աշխատում:

Կառավարության անդամները դեռ չգիտեն՝ կշարունակեն պաշտոնավարե՞լ, թե՞ ոչ:

Սակայն, վստահեցրել են՝ կաշխատեն մինչև վերջ:

 

 

Վարչապետի ընտրությունից  առաջ կառավարությունն այս կազմով՝ պաշտոնակատարներով հանդիպեց վերջին անգամ: Ի տարբերություն նախորդ նիստի, այսօր արդեն ներկա  չէին դաշնակցական երեք նախարարները՝ ԿԳ, բնապահպանության  ու  տարածքային կառավարման ու զարգացման նախարարները: ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից:  Այսօր էլ հնչեցին հանձնարարականներ.  ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված վարչապետի պաշտոնակատարը դռնփակ նիստում  հանձնարարեց:

«Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը»:

Նշեց վարչապետի պաշտոնակատարը և առաջարկել իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ:

Արդեն նիստից  հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը պարտավոր է  աշխատել՝ նույնիսկ ավելի ուշադիր ու ուժեղացված ռեժիմով:   Թե ինչ է անելու նոր կառավարությունում, Քոչարյանն առայժմ լռում է.

«Իմ անձնական ծրագրերի մասին ընդհանրապես չեմ խոսի, բայց կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, ինչը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար»:

Ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի շուրջ  միջազգային գործընկերների հետ քննարկման արդյունքները ներկայացնելով՝ փոխարտգործնախարարն ասաց՝

«Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում օրինականության, Սահմանադրության սահմաններում»:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը եթե-ներով չի խոսում.

«Կառավարությունը բնականոն աշխատում է եւ շարունակելու է աշխատել»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը հայտարարեց՝ թիմի հետ եկել է, թիմի հետ էլ գնալու է: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը որոշել է՝ մինչև վերջին պահն  աշխատելու է։ Նա էլ, ինչպես բոլորը, մտահոգված է ստեղծված ներքաղաքական իրավիճակով:

Տեսնո՞ւմ է իրեն նոր կառավարության կազմում Վարդան Արամյանը, հարցին հարցով է պատասխանում.

«Եթե ես ձեզ ասեմ, ես հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, դուք ինձ կհարգե՞ք»:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է՝ ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ ֆինանսական շուկաներում այս պահին կարգապահություն է՝ փոխարժեքի շուկայում բացասական ազդակներ չկան: Վարչապետի պաշտոնակատար  Կարեն Կարապետյանն էլ  հանձնարարեց՝ առաջին եռամսյակի  տնտեսական ցուցանիշերը պետք է  պահպանել՝ շարունակելով  կառավարության բնականոն գործունեությունը։ ԱԺ- ն նոր վարչապետ կընտրի մայիսի 1-ին։

Կառավարության հաջորդ նիստը կվարի նորընտիր վարչապետը:

Back to top button