Հասարակություն

Արտահերթ ընտրությունները՝ ելք


Անկախություն հռչակած ժողովուրդը ոչ թե արժանապատվության զգացում է ապրում, ինչին ձգտում էր, այլ տեսնում է օլիգարխների ու պետական այրերի, որոնք նյութապաշտ են ու անտեսում են ժողովրդի պահանջմունքները, հենց սրա հետեւանքն է ստեղծված իրավիճակը` վերլուծելով շարժման ակտիվիստների գործողություններն ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Կարեն Քոչարյանն էլ ստեղծված իրավիճակից ելք է համարում արտահերթ ընտրությունները։

Հիմա ասպարեզ է եկել մի սերունդ, որը չի տեսել խորհրդային համակարգը և ուզում է տերը լինել իր երկրի, նոր սերնդի համար արժանապատվությունը վեր է նյութապաշտությունից, վերլուծելով ստեղծված իրավիճակը պարզաբանում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Սա մշակույթի պայքար է և աշխարհը տեսնում է, որ հայ ժողովուրդը արժանապատվ է»:

«Ճակատագրական ժամանակներ են» իրավիճակը բնորոշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Պետք է հասնել նրան, որ իշխանության ղեկը ստանձնողը ոչ թե ընտրվելուց հետո գնա տուն և հանգստանա, այլ վերցնի իր վրա խնդիրների լուծման պատասխանատվությունը: Հակառակ դեպքում՝ այս շարժումը կարող է ծնել նոր օլիգարխիա։

Նա ստեղծված վիճակում որոշակի քայլերի կարիք է տեսնում։ Օրինակ՝ մատնանշում է,  որ  վարչապետն ով էլ լինի, ունենա հասարակական շահերը պաշտպանող կառույցներ և  հարցերը վեր հանվեն հենց այդ կառույցներում ու հենց այդ նույն կառույցները  որոշակի դերակատարում  ունենան ընթացող գործընթացներում։ Այսինքն այսօր կոնսոլիդացիայի կարիք կա՝  ըստ նրա:

Ստեղծված իրավիճակի պայմաններում անխուսափելի է նոր ընտրությունների անցկացումը՝ ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նաև հարցնում է, թե ով է կազմակերպելու այդ ընտրությունները, եթե կողմերի միջև բանակցություններ չլինեն:

Թե ինչ հանգուցալուծում կլինի, դեռ պարզ չէ, սակայն  Վիգեն Հակոբյանը նկատում է, որ այս վիճակի փոփոխությանը դիմադրում է ոչ միայն Հայաստանի օլիգարխիան, այլ նաև դրսի ուժերը։ Սա ավելի մեծ մասշտաբի դիմակայություն է՝ ասում է։

Back to top button