Հասարակություն

Հանրային ռադիոյի լրագրողի դեմ բռնության գործով նյութեր են պատրաստվում

Հանրային ռադիոյի լրագրող, պրոդյուսեր Վրույր Թադևոսյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են պատրաստում քրեական գործ հարուցելու համար:

Ապրիլի 22-ին Ավան-Աճառյան փողոցի վրա «Ֆորդ սերվիսի» մոտ դիմակավորված անհայտ անձինք հարձակվել էին լրագրողական աշխատանք կատարող մեր գործընկերոջ վրա: Նրանք մահակներով ջարդել էին լրագրողի մեքենան, հարվածել նրա գլխին, վնասել և հափշտակել Վրույրի հեռախոսն ու iPad-ը:
Այս ամենը տեսանկարահանվել է ուղիղ եթերում, որի ընթացքում նաև լսվում է, թե ինչպես են դիմակավորված անձինք սպառնալիքներով ստիպում, որ լրագրողը դադարեցնի նկարահանումը:

Վրույր Թադևոսյանն այդ տարածքում էր դիմակավորված անձանց կողմից ճանապարհի այդ հատվածը փակելու, երթևեկությունը կառավարելու և քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը լուսաբանելու համար:

«Ամեն ինչ շատ հանկարծակի տեղի ունեցավ: Միանգամից մահակներով հարձակվեցին մոտ 15 հոգի ու սկսեցին ջարդուփշուր անել: Մի քանի հարված հասցրին գլխիս, մեքենաս ավերեցին, հայհոյում էին, սպառնում, ստիպում լքել տարածքը: Տեսանյութում էլ երևում է՝ ես ներկայանում եմ որպես լրագրող, փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց ապարդյուն։ Եղավ այն, ինչ եղավ»,- պատմում է Վրույր Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ ըստ փորձագիտական տվյալների՝ միայն մեքենային հասցված վնասը կազմում է 600 հազ. ՀՀ դրամ: Ջարդել են դիմապակին, հետևի մեծ ապակին, տանիքը, հայելիները, վնասել ձախակողմյան դռները:

Back to top button