Քաղաքական

ԱՄՆ-ում ձգտում են՝ հանուն իրադարձությունների ազնիվ ճանաչման

Ամերիկայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցով արդյո՞ք փոփոխության կենթարկվի՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր լրագրողներն այս հարցն ուղղել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Վերջինս շեշտել է, որ ինքը այդտեղ եկել է ամերիկյան ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցի այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ:

Ծիծեռնակաբերդի բարձունքում «Ռադիոլուրը» զրուցել է քաղաքացիների հետ օրվա խորհրդի շուրջ:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ձեւակերպմամբ՝ Միացյալ Նահանգների ժողովուրդը, կառավարությունը չեն մոռանա 1.5 միլիոն հայերին, ովքեր Օսմանյան կայսրության վերջին տարիներին զոհ գնացին մահվան երթերին եւ կոտորածներին:

Մենք նաեւ հիշում ենք այն մարդկանց, ովքեր օգնել են այդ ընթացքում տուժածներին, այն մարդկանց, ովքեր կարողացան կերտել Հայաստանի ապագան. կարողացան պահպանել եւ ուզում ենք նաեւ հիշել այն հայերին, ովքեր այդ իրադարձությունների արդյունքում հանգրվան գտան Միացյալ նահանգներում եւ այնքան շատ ներդրում եւ վաստակ ունեցան Միացյալ նահանգների համար:

«Մենք ձգտում ենք նրան, որպեսզի լինի իրադարձությունների ազնիվ, շիտակ ճանաչում եւ հենց այդ ուղղությամբ են Միացյալ Նահանգների ջանքերը, եւ միայն դա է, որ կարող է օգնել»:

Եւ այդ ճանաչումը՝ շիտակ ճանաչումը կարող է հաշտեցում բերել բոլորի համար՝ իր խոսքը եզրափակեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հայաստանի քաղաքացիների համար օրվա խորհուրդը, կարելի է ասել, միանշանակ չէր, ավելին՝ բազմանշանակ:

Պետք է միասնական լինենք, որը հայ ժողովրդին ուժ է տալիս՝ այսպես գնահատեցին նաեւ օրվա խորհուրդը «Հաճըն» հայրենակցական միության մի խումբ ներկայացուցիչներ:

Ժողովուրդն, ընդհանրապես, ապագայի նկատմամբ պիտի պահանջատեր լինի, զարգացման նկատմամբ պիտի պահանջատեր լինի: Պատմությունը գալիս եւ անցնում է, հիշողությունը՝ մնում, բայց դրանով պետք չէ հիվանդանալ, դա նշանակում է, որ ապագայում սերունդը հիվանդագին չպետք է յուրացնի: Ապագան հիվանդ սերնդով չի կարելի յուրացնել՝ եզրափակեց «Հաճըն» Հ/Մ-ի անդամ իմ զրուցակիցը:

Back to top button