Հասարակություն

Ցեղասպանություն վերապրած 110 տարեկան տատիկը

Անձնագրով 104, իրականում 110 տարեկան Եպրաքսյա Գևորգյանն օրեր առաջ հարազատների շրջապատում նշել է  հոբելյանը:  Ցեղասպանություն վերապրած տատիկը մոռացված է տեղական իշխանությունների կողմից, սակայն հիշվում է լրագրողների ու կինոռեժիսորների կողմից, ում մասին պատմում են  աշխարհում:

Արմավիր քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 5-րդ հարկում է ապրում   ցեղասպանություն վերապրած Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանըը: Դուռը բացում է 88-ամյա Լենա տատիկը, Եպրաքսյայի ավագ դուստրը, նրա խնամակալը:  Եպրաքսյա Գևորգյանը  միջանցքի մեծ բազմոցին թիկնած ննջել էր, ուրախացա, որ նորից կարող եմ նստել նրա կողքին, զրուցել  ու լսել այն  պատմությունները, որոնք  արդեն մեկ դար պատմում է,  սկզբում՝ վախվորած, ցածրաձայն, հիմա՝ բարձրաձայնում է աշխարհով մեկ, չի խուսափում անգամ թուրք լրագրողից: Եպրաքսյա տատիկի մասին է  պատմում արտասահմանյան մամուլը, նրա կենսագրությունը տեղ է գտել «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմում:

Եպրաքսյա Գևորգյանը վաղ առավոտյան  կանգնելով իր ննջասենյակի մի անկյունում տեղ գտած սրբապատկերների առջև,  սկսում է աղոթել՝ Հայր մեր, որ յերկինս ես…:

Աղոթքը նրա շուրթերից չի կտրվում, աղոթում է գերդաստանի, կոտորածի ժամանակ  կորցրած հարազատների ու ծնողների համար: Աղոթքի միջոցով հոգու ծուխն է դուրս բերում: Հայրը սպանվել է ջարդերի ժամանակ, մորը կորցրել՝ գաղթի ճանապարհին՝ տեր ողորմյա, տեր ողորմյա:

Աղոթել սովորել է  Գյումրու ամերիկյան որբանոցում, որտեղ հայտվել էր  ցեղասպանությունից փրկված եղբոր հետ: Եղիկին կորցրել էր մանկատանը, նրա մասին տեղեկություն չկա մինչև  հիմա:

Ցեղասպանություն վերապրած տատիկը  զրույցի ընթացքում հաճախ ձեռքն էր վերցնում թաշկինակն ու մաքրում թաց աչքերը՝ արցունքի հետ  սրբելով  դաժանության, մահվան ու կսկիծի տեսարանները: Մանկատունը փրկության օղակ էր  գաղթական որբերի համար, կերակրել են, խնամել, կրթել:  110-ամյա տատիկը սովորածը հիշում է,  անվարան  արտասանում  հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Ղարսի Լալոյի Մավրակից ճակատագրի անիվը նրան  հասցրեց Արմավիր ՝ Հոկտեմբերյան: Այժմ  կանգնում է պատշգամբում, ուշադիր նայում Մասիսի  ձնապատ գագաթին, հետո դեմքն իջեցնում  լանջերին ու հայացքը դանդաղ   ուղղում հարավային կողմ՝   մտքով հասնելով  Ղարս՝ «Ղուռ Արազը ոտքով ենք անցել, հետո սելով շարունակել ճանապարհը»:

Ցեղասպանությունը վերապրած  Եպրաքսյա տատիկը օրեր առաջ նշեց հերթական հոբելյանը՝ 110-րդը: Նրա  մասին  տեղական իշխանությունները չեն հիշում, չեն աջակցում,  հիշել են միայն ցեղասպսնության 100- ամյա տարելիցին:

Եպրաքսյա Գևորգյանը 68 թոռ և ծոռ ունի: Նրա գերդաստանը մեծանում է, ինքն էլ շարունակում է աղոթել նրանց, մեր ազգի  ու երկրի խաղաղության համար՝ Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա  զմեզ ի չարե, զի քո է արքայություն և զորություն, և փառք, հավիտյանս, ամեն:

Եպրաքսյա Գևորգյանն առողջ է,  ինքնուրույն է  շարժվում:  Այսօր հերթական մոմը վառեց սրբադասված իր հարազատների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button