ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցն է

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը հավաքական օր է. այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում:

Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ցուցադրել ավելի
Back to top button