Քաղաքական

Հայ պատգամավորների կարճատեւ այցը՝ Ստրասբուրգ

Այսօր Ստրասբուրգում աշխատանքները սկսեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստանի խորհրդարանից մեկնել էր պատգամավորների խումբ՝ Աժ-ի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հայ պատգամավորները, սակայն, երկար չմնացին Ստրասբուրգում:

Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն այսօր տարբեր քաղաքներից եկել հասել էին Ստրասբուրգ Եվրոպայի Խորհրդի շենքի մոտ՝ այնտեղ բողոքի ձայնը բարձրացնելու համար: ԵԽԽՎ շենք մտնող ցանկացած մարդ այսօր կարող էր հանդիպել հետեւյալ տեսարանի՝ պաստառներով, եռագույնով ցուցարաներ, որոնք նաեւ վանկարկում էին:

Ցուցարարների միջով, նաեւ իրենց հետ զրուցելով անցավ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ստրասբուրգ մեկնած հայ պատգամավորներից քչերը տեսան այս ամենը, քանի որ Եվրոպայի սիտը ժամանելուն պես միանգամից որոշում կայացրեցին վերադառնալ Հայաստան՝ այստեղ ներքաղաքական իրավիճակի խիստ լարման պատճառով:

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ շենքում հանդիպել էր միայն Արմեն Ռուստամյանի հետ: Մնացածը՝ առավոտվանից արդեն չկային:

Մինչեւ վերջին պահը Ստրասբուրգում մնալու Էդմոն Մարուքյանի նպատակը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունենալն էր եւ հայաստանյան իրողությունների մասին պատմելը: Մինչ այդ նա ամեն ինչ հասցրել էր պատմել Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների քաղաքական խմբի անդամներին, պատրաստվում էր հանդիպել նաեւ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Հայաստանյան իրադարձությունների զարգացումը, սակայն, ավելի սրընթաց էր, քան ԵԽԽՎ ընթացակարգերը: Հայաստանյան իրադարձությունների հանգուցալուծումը, սակայն, ըստ Էդմոն Մարուքյանի՝ դեռ ամբողջական չէ:

Էդմոն Մարուքյանին Ստրասբուրգում չհաջողվեց Հայաստանի հարցը հրատապության կարգով մտցնել ԵԽԽՎ լիագումար նիստ՝ ընթացակարգերը թույլ չտվեցին: Հայաստանի պատգամավորը նաեւ այնտեղ քննադատեց եվրոպացի գործընկերներին «աբսուրդ» որակելով իրավիճակը, երբ ԵԽԽՎ անդամ չհանդիսացող Սիրիայի վիճակը օրակարգում է, իսկ Հայաստանի հարցի քննարկման պահանջը չընդունվեց:

Back to top button