Քաղաքական

Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքն ու գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ընթացող գործողությունների, միջոցառումների թեմայով պարզաբանումներ տալու համար հանդիպել է լրատվամիջոցների հետ՝ ներկայացնելու «կայունացման նպատակով օրենքի շրջանակում իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, այն քայլերը, որոնք ուղված են լարվածության լիցքաթափմանը»:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ այս իրավիճակում, երբ կրքերը բորբոքված են, կարևոր է, որ ամեն խոսք լինի կշռադատված, հավասարակշռված:

«Գիտեք, որ վերջին երկու օրերի ընթացքում մենք հանդիպում ենք միջազգային գործընկերների հետ, դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպում է եղել, քննարկում ենք անցկացրել, և ես անդրադարձել եմ Եվրամիության կողմից արված հայտարարությանը, ասել եմ, որ կիսում ենք դրույթները, որոնք պարունակում է այդ հայտարարությունը:

Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքն ու գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը: Ասել եմ նաև, որ հավաքի մասնակիցներն իրենց հերթին հանրահավաք անցկացնելու իրավունքը կիրառելիս պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Նրա ձևակերպմամբ`լրատվական դաշտում ոչ միտումնավոր, գուցե սխալ թարգմանությամբ, հայտնվել էին վերնագրեր, թե ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: Այնինչ, նախարարի խոսքով, օրիգինալ տարբերակում ասվում է, որ բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով՝ հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

«Բաց էր թողնվել «օրենքով սահմանված կարգով իրավունքը իրացնելու» հատվածը: Պետք է պատասխանատու լինել ամեն խոսքի նկատմամբ, որպեսզի որևէ անցանկալի յուղ չլցվի կրակի վրա»,- ավելացրեց Է. Նալբանդյանը:

Նա ասաց, որ այս գործընթացները խոչընդոտում են պետական հիմնարկների, այդ թվում՝ ԱԳՆ-ի աշխատանքը, հետաձգվել են մի շարք միջոցառումներ, որովհետև պարբերաբար «շրջափակման մեջ են հայտնվում»: «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել հավատարմագրված դեսպանությունների կողմից, ովքեր ասում են, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը»,- տեղեկացրեց նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button