Քաղաքական

Ինչ է պահանջում Գարո Փայլանը

Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն առաջարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել, ու կոչ անում Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանների անունները, քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Թուրքիայում քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության փոխհամանախագահ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանն օրենքը ներկայացնելու ժամանակ թուրք պատգամավորներին մասնավորապես ասել է, որ տեղահանության օրենքը մեծ ավերածությունների տեղիք է տվել ասորիների, քաղդեացիների, եզդիների և հատկապես հայերի համար:

Փալյանը հայտարարել է, որ Թուրքիայի պաշտոնական թեզի համաձայն` 1915 թ. տեղի ունեցած դեպքերը ոչ թե կոտորած, ջարդ կամ ցեղասպանություն են, այլ` «բնականորեն ձեռնարկված մի ռազմական միջոց»:

«Ժխտումը սովորական է դարձրել ատելության հետևանքով կատարված հանցագործությունները և Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում փոքրամասնությունների նկատմամբ բազմաթիվ ատելության ոճրագործությունների տեղիք տվել: Այս հողերում կատարված ցավալի դեպքերն այլևս պետք է իրենց անվամբ կոչվեն: Ցեղասպանությունը` նախ պետք է  ճանաչվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից, որը  խիստ կարևոր քայլ կլինի մեր երկրի կողմից իր անցյալի հետ առերեսելու ուղղությամբ, իսկ Հայոց ցեղասպանությունից տուժածները, թեկուզ և ուշացումով, այնուամենայնիվ կհասնեն արդարության վերականգնմանը»:

Ինչպես են արձագանքել կամ կարձագանքեն Մեջլիսի պատգամավորները՝ հայ պատգամավորի առաջարկին: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ թուրքական Մեջլիսում այսօր չկա ուժերի դասավորվածություն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման համար, քանի որ կիսաջախջախված վիճակում է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Իսկ խորհրդարանականներն այսօր զբաղված են շատ ավելի կարեւոր հարցերի քննարկմամբ՝ հունիսին նախատեսված են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Փայլանի առաջարկը առիթ էր հարցը եւս մեկ անգամ բաձրացնելու  համար՝ ասում է թուրքագետը:

«Ինչպես եւ ակնկալվում է Մեջլիսը չի արձագանքի եւ չի քննարկի: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ խորհրադարանը պետք է ցեղասապնության հարցը քննարկի եւ ընդունի, որպեսզի մյուս երկրների խորհրադարանները չզբաղվեն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Սակայն Թուրքիայում շարունակ ասում են, որ պատգմական հարցերը պետք է թողնեն պատմաբաններին, քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն նման խնդիրներով: Այդ տեսանկյունից է նաեւ անհավանական, որ Թուրքիայի խորհրադարանը կքննարկի տվյալ հարցը»:  

Կարո Փայլանի առաջարկը կարող է վտանգի տակ դնել պատգամավորական մանդատի հարցը: Մեջլիսի կողմից ընդունված պատգամավորի կանոնակարգ օրենքի համաձայն արգելվում է խորհրդարանում մի շարք բառերի օգտագործումը, այդ թվում ՝ ցեղասպանություն, Քրդստան բառերի, եւ հարցի բարձրացմամբ Փայլանը խախտում է սահմանված օրենքը:

Արդեն իսկ  հայ պատգամավորը հայտարարությունների պատճառով գտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ավելին՝ երկրի դատախազությունն է դիմում-պահանջ ներկայացրել նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, որին, ըստ թուրքագետի, եթե աղմուկ չբարձրացվ, ի կարող է հաջորդել Փայլանի կալանավորումը:

Back to top button