ԿարևորՀասարակություն

Երեւան բերող մի շարք մարզային երթուղիներ կաթվածահար են


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ու դրա հետևանքով ծավալվող իրադարձությունների պատճառով կաթվածահար են մի շարք քաղաքներից Երեւան բերող ճանապարհները:

Հանրային սպասարկում իրականացնող երթուղիների ղեկավարները ստիպված դադարեցրել են աշխատանքը:

Ո՞ր քաղաքներից մարդիկ չեն կարողանում հասնել մայրաքաղաք, ու ի՞նչ են մեկնաբանում պետական համապատասխան կառույցները՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

Աբովյանից եւ Չարենցավանից Երեւան եկող երթուղիները սպասարկող ընկերությունն արդեն 4-րդ օրն է՝ ղեկավարության կարգադրությամբ չի աշխատում:

Թե ուղեւորների, թե տրանսպորտի անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ռադիոլուրին» պարզաբանում է ընկերության ղեկավար Արթուր Դալլաքյանը: Այսօր եւս Աբովյանն ու Չարենցավանը մայրաքաղաքին կապող երթուղիները կաթվածահար են: Այս ընկերությունից բացի դեպի Երեւան ուղին այլ սպասարկող չկա: Մարդիկ տեղաշարժվում են՝ ով ինչպես կարողանում է: Որքա՞ն դեռ այսպես կշարունակվի հարցին Արթուր Դալլաքյանը արձագանքում է՝ չեն սկսի աշխատել, քանի դեռ ճանապարհներին շարժն ազատ չէ:

«Եթե ճանապարհները բացվեն, նույն վայրկյանին կսկսեն աշխատել: Երթուղին մեկ հետագիծ ունի, այն խախտելով չի կարող աշխատել»:

Օրերով չաշխատելը ֆինանսական խնդիր է ենթադրում թե սպասարկող ընկերությունների, թե վարորդների համար: Աբովյանն ու Չարենցավանը Երեւանին կապող երթուղիները սպասարկող ընկերությունում դեռ չեն քննարկել՝ այս հարցին ինչ լուծում կարող են տալ: Նույն խնդիրն առկա է նաեւ Արգել-Երեւան երթուղին սպասարկող ընկերությունում, որի ղեկավար Գեղամ Մխիթարյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝ այսօր չեն աշխատում: Գիծ դուրս եկած մեքենաները մեծ դժվարությամբ են շրջանցիկ ճանապարհներով վերադարձել: Չեն աշխատի վաղն էլ, եթե նույն վիճակը լինի:

«Արդեն վարորդներն էլ չեն ուզում աշխատել: Մեքենաները Սարի թաղով եւ այլ շրջանցիկ ճանապարհներով անցնելիս վնասվում են: Արդեն վթարներ ենք ունեցել»:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում խնդրին տեղյակ են: Տրանսպորտային վարչության տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելիքյանի տեղեկացմամբ՝ երթուղիները սպասարկողները փոխանցել են իրենց մտահոգություններն ու աշխատանքը դադարեցնելու պատճառները՝ այն է՝ անվտանգության խնդիրներ:

Դավիթ Մելիքյանի փոխանցմամբ՝ իրենք կապի մեջ են գծերը սպասարկողների հետ, խնդրում աշխատել գոնե այն ժամերին, երբ ցույցեր չկան՝ ասում է: Բայց երկուստեք հասկանում են՝ ամենաինտենսիվ աշխատող գծերը չեն կարող լիովին վերականգնել իրենց աշխատանքը, քանի դեռ իրավիճակը լարված է:

Ցուցադրել ավելի
Back to top button