ԿարևորՔաղաքական

«Վարդերի» հեղափոխությունն ու հայաստանյան իրադարձությունները, հայացք Վրաստանից  

Հարևան Վրաստանում ուշադրությամբ հետևում են հայաստանյան իրադարձություններին՝ փորձելով համեմատություններ անել Վարդերի հեղափոխության հետ։

Ոմանք կարծում են, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը սկսվել է, մյուսները նշում են՝ թեև հեղափոխություն անելու պատճառները շատ են, այդուհանդերձ դեռևս հեղափոխական իրավիճակ չէ․․․

Վրացական հեղափոխությունն ու հայաստանյան իրադարձությունները, հայացք Վրաստանից:

 

Հայաստանում այսօր փողոց է դուրս եկել հիմնականում երիտասարդությունը, ասում են Թբիլիսիում՝ նշելով, որ այդպես էր նաև Վրաստանում 2003-ին՝ Վարդերի հեղափոխության ժամանակ։ Երիտասարդ ակտիվիստների մի խումբ հոգնած երկրում տիրող իրավիճակից, դեռ 2002-ին ձևավորել էր «Կմարա» շարժումը, որը թարգմանաբար նշանակում է «Բավական է», մշակել գործողությունների իր ծրագիրը։

Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռուսետսկին նկատում է.

«Կմարա խումբը բավականին հաջողեց, քանի որ հատուկ նախապատրաստություն էր անցել։ Փորձագետները, մասնագետները աշխատել էին։ Նրանց գործողությունները քաղաքական գործընթացների վրա դրական ազդեցություն թողեցին՝ արդյունքում վերջնական հաղթանակ ապահովելով»։

«Կմարա»-ի ակունքներում կանգնած գործիչներից Կոբա Խաբազին, որ այսօր էլ շարունակում է մնալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում, նշում է, որ երիտասարդական շարժումը հաջողության հասավ, քանի որ ժողովուրդն էր փոփոխություն ուզում․

«Մեր պայքարը մի օր չէր, այն շարունակվում էր օրերով ու ամիսներով։ Աջարիայում օրինակ ավելի քան 100 հազար մարդ էր դուրս եկել Ասլան Աբաշիձեի դեմ․․․»։

Ասում է Խաբազին, ով Վարդերի հեղափոխությունից հետո առաջնորդելով «Մեր Աջարիան» շարժումը հասել էր նաև Ասլան Աբաշիձեի պաշտոնաթողությանը։ Ըստ նրա, վրացական հեղափոխությունում Արևմուտքից ֆինանսական աջակցություն չի եղել, իշխանափոխությունը ժողովրդի ցանկությունն է եղել․

«Այն օրը մի մարդ ասում էր շատ կարեւոր բան՝  մենք ենք Հայաստանը, մենք ենք երկրի իշխանությունը և մենք պետք է որոշենք ինչպես զարգանա մեր երկիրը։ Փոփոխության հիմնական գրավականը սա է»։

Վրացական «Խրոնիկա+» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն  վստահեցնում է. «Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխությունը»: Ըստ նրա, Կովկասում ևս մի ռուսական հենակետ են քանդում:

«Կանգնած է երիիտասարդությունը դա շատ լավ է։  Ես կաևորում եմ, որ երիտասարդության ակտիվությունը, դա լավ է ողջ Կովկասի համար»։

Քաղաքագետ Գելա Վասաձեն կարծում է․ «Կարծում եմ, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ այս պահին չկա, սակայն դա չի նշանակում որ հեղափոխություն չի կարող լինել։ Կախված է նրանից թե ինչպես կգործեն իշխանություններն ու ընդդիմությունը»։

Վասաձեն կարծում է, որ փոփոխության համար պատճառները շատ են, իսկ հեղափոխությունը դա հենց փոփոխություն է։

Back to top button