ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանն ու համակիրները հրապարակում են․ շրջափակվելու է կառավարության շենքը (տեսանյութ)

«Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, «Ելք» խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ ժամը 08.00-ին արդեն Հանրապետության հրապարակում էին։ Այստեղ է նաեւ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը։  Այստեղ էր նաեւ Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը։ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց ունեցավ նրա հետ:  Լրագրողների հետ զրույցում, սակայան նա չպատմեց, թե ինչ էր խոսում Օսիպյանի հետ։

Այսօր Կառավարության շենքում նախատեսված է կառավարության նիստ, որը վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ պետք է վարի վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ի թիվս այլ գերատեսչությունների այսօր պետք է շրջափակեն նաև կառավարության շենքը։

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, թե իրենց երեկվա հայտարարությունից հետո, գործադիրը նիստի ժամը փոխել է: Ըստ նրա, իրենց տեղեկությունների՝ ժամը 11:00-ից այն տեղափոխվել է ժամը 17:00:

Ոստիկանության ուժերի կուտակումն այս տարածքում շարունակվում է։ Հարցին, թե ժամի փոփոխություններն ընդդիմադիրների գործողությունների վրա կազդի՞, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք իրավիճակին կարձագանքեն ըստ անհրաժեշտության։

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահրռչակ ռոք երգիչ, մեր հայրենակից Սերժ Թանկյանի հետ։ Երգիչը հայտնել է, որ պատրաստ է աջակցել պայքարին, իսկ Հայաստան գալ-չգալու մասին կպատասխանի ուշ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյբուքյան էջում գրել էր․ «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Սերժ Թանկյանի հետ։ Նա աջակցում է մեզ։ Ինչ վերաբերում է Հայաստան գալ-չգալուն, իր պատասխանը նա ինքը կհրապարակի!!!»։

Ցուցարարները շարժվեցին դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք և շրջափակեցին շենքը, Փաշինյանն ասաց, որ աշխատակիցները կարող են տեղեկանալ և չգալ աշխատանքի, նաև հնարավորություն ունենալով միանալու գործադուլին:


Եթե տեսնենք, որ բախման հավանակությունն աճում է, կտեղափոխվենք այլ տեղ։ Յուրաքանչյուր մարդ իմ կարծիքով իրավունք ունի մտնել կառավարության շենք, եթե անգամ կառավարության նիստի օր է, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Back to top button