Հասարակություն

Գիշերվա անկարգությունների առիթվ քրգործ է հարուցվել

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած
անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին
որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները:

Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության
հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70
մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն
տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության
աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային
երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ
անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝
կոտրել են խաչմերուկի տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները, և
ճանապարհային նշանները: Այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ են
հասցրել նշված վայրին մոտեցած ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին`
պատճառելով գույքային վնաս: Բացի դրանից՝ նրանց կողմից բռնություն է
գործադրվել ոստիկանների նկատմամբ, միաժամանակ առկա են առերևույթ տվյալներ
զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնության կիրառմամբ
տարածքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող
լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության
անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները
խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական
անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու,
անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց
մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում
հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ
մասերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան
քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնին:

Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել
նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ցուցադրել ավելի
Back to top button