Քաղաքական

Կեղծ ահազանգ՝ ԱԺ-ում պայթուցիկ նյութի տեղադրման վերաբերյալ

2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 12:36-ին, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ` «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ՀՀ ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու նպատակով:

Back to top button