Հասարակություն

Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքը ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:

Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումը ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Back to top button