Քաղաքական

Ոստիկանություն. Հանրային ռադիոյի շենքը գրավելը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել

Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Հանրային ռադիոյի շենք ցուցարարների  մուտք գործելու կապակցությամբ՝ կոչ անելով հավաքի կազմակերպչին և հավաքի «ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»:

Հայտարարությունում ասված է.

«Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո: Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը: Ն. Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր, որպիսի գործողությունը առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն»:

Նշելով, թե «շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում», Ոստիկանությունը կոչ է անում «հավաքի կազմակերպչին և հավաքի մասնակիցներին անհապաղ ազատել «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը, ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»:

Նիկոլ Փաշինյանի ուրերձից հետո ցուցարարները լքեցին Հանրային ռադիոյի շենքը:

Back to top button