ԿարևորՀասարակություն

Պոեզիան շուրթերին. Վերա Հակոբյանն այսօր կդառնար 90 տարեկան

Հաղորդավար, ասմունքող, վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանն այսօր կդառնար 90 տարեկան: 1951 թվականից Հայաստանի ռադիոյի եթերում, նաեւ արտասահմանցի մեր ունկնդիրները լսում էին նրա հայտնի «Խոսում է Երեւանը»։

 

Ջերմ ու ընկերասեր. այսպես է Հանրային ռադիոյի մշակութային խմբագրության տնօրեն Օֆելյա Ասատրյանը հիշում հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանին:  Սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակող  մշակութային գործիչ, գրի ու գրականության մունետիկ:  Բնութագիրը կրկին  Օֆելյա Ասատրյանինն է: Արևելահայ ու արևմտահայ գրականությունն  աշխարհասփյուռ հայությանը,  հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը ներկայացնելու համար ջանք ու եռանդ չէր խնայում: Քաղցրահունչ ձայնով էլ հուզում էր մարդկանց ներաշխարհը՝ ասում է:

«Հրաչուհի Ջինանյանը և Վերա Հակոբյանը  երբ գնում էին արտասահման հյուրախաղերի , մեր սփյուռքահայ բարեկամները նախևառաջ խնդրում էին, որ արտասանեին մի նախադասություն, որը մոգական ուժ ուներ:  Հայաստանի ռադիոյի  Սփյուռքի համար տրվող  հաղորդումներն սկսվում էին  «Երևանն է խոսում» : Եվ այնտեղ գալիս էին հուզախռով տեսքով պատմում էին և ասում դե հիմա ասեք «Երևանն  է խոսում»:

Երիտասարդներին ու երեխաներին իր գարունները համարող  Վերա Հակոբյանի  անձնական կյանքում դժվարություններ շատ են եղել, սակայն դա չի խունացրել  նրա բեմական  կյանքը: Դստեր` Կարինե Հակոբյանի մտապատկերում էլ է մայրը դրոշմված շրջապատի հանդեպ սիրով ու ջերմությամբ լցված, բարությամբ տոգորված  անձնավորություն:  Այդպես ջերմությամբ ու սիրով էր մինչև մահը, հիշում է Կարինե Հակոբյանը:  Իսկ նրա մարդկային հատկանիշներն արտահայտվում էր բազմերանգ ձայնում:

«Երևանն է խոսում այդ բառակապակցությունը, որի տարածման և այդ ազդեցության համար նա մեծ դեր ունի, նաև իր ձայնի շնորհիվ է: Անաբացատրելի է այդ էներգետիկան, որ տարածվում էր նրա ձայնի միջոցով»:    

Բոլորի հանդեպ  ուշադիր, սակայն գրողներին  առանձնահատուկ ուշադրությամբ շրջապատած  Վերա  Հակոբյանի համախոհների շարքում էին  Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանն ու  Պարույր Սևակը:  Դուստրը հիշում է նաև նույն ընկերության մեջ հնչող  դժգոհությունները:

 

«Հիշում եմ, որ Շիրազը միշտ դժգոհ էր, որ մայրիկս  բավարար չափով չի ներկայացնում Դանթեական պոեմը, որը մի ժամանակ  արգելված էր: Եվ շատ հետաքրքիր մակագրություններ կան, որտեղ նա մեղադրում է  մայրիկիս, այդպես չափածո, սակայն միևնույն ժամանակ սրամիտ»:  

Մինչև կյանքի վերջն էլ պոեզիան շուրթերին էր: Տարիների ընթացքում  կատարած տիտանական աշխատանքի պտուղը՝ իր հետնորդների  մեծ  բանակն է:

Back to top button