Տնտեսական

Համայնքներին տրվող պետական միջոցները հատկացվելու են  խիստ նպատակային

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի  ընթացքում   քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46  հայտ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ  32 մլն դրամ է, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն  դրամ,  մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ:  Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից:

Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ այս և նախորդ նիստում ներկայացված և հաստատված  85 ծրագրային հայտի ընդհանուր գումարը կազմում է   3 մլրդ 387 մլն դրամ, որից՝ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 738 մլն դրամ է, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1 մլրդ 459 մլն դրամ, մասնավորի կողմից ֆինանսավորումը՝  188,5 մլն դրամ: Նշված 85 ծրագրից 32-ը ներկայացվել է 18 խոշորացված համայնքի կողմից:

Համայնքային նշանակության ծրագրերը հիմնականում վերաբերում են ճանապարհների վերանորոգմանն  ու բարեկարգմանը, ոռոգման և խմելու ջրագծերի, կոյուղագծերի վերանորոգմանն  ու կառուցմանը, համայնքների լուսավորությանը, մանկապարտեզների և մշակույթի տների կառուցմանն ու վերանորոգմանը, գույքի, օրինակ՝ աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն:

Նշվել է, որ բոլոր նախագծերը փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ նրանց կարծիքներն ու առաջարկներն ստանալու համար:

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումների արդյունքում 46 հայտերից չի հաստատել միայն մեկը՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով:

Անդրադառնալով ծրագրերի պատշաճ որակով ու արդյունավետությամբ  իրականացմանը՝  Կարեն Կարապետյանը նշել է. «Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտա, որ խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն: Հրատապ և այլ ծրագրերով համայնքներին տրվող  պետական միջոցները հատկացվելու են  խիստ նպատակային: Եթե 3-4 տարի սուբվենցիաների այս ծրագիրը շարունակենք  և իրականացնեք այնպես, ինչպես որ նախատեսում ենք,  համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի»:

Կարևորվել է նաև ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝  կապված շինարարության  որակի և այլնի հետ: Կարեն Կարապետյանը  պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է աշխատել նաև մարզպետարանների թիմերի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button