Հասարակություն

Ուրբաթ 13-ի միֆն ու իրականությունը


Մինչ շատերս ուրախանում ենք ուրբաթ օրվա անունը լսելիս, մոտակա հանգստյան օրերը վայելելու ակնկանիքով, որոշ մարդկանց մոտ հենց այն ուրբաթները, որոնք համընկնում են ամսվա 13-րդ օրվա հետ, տհաճ զգացողություններ են արթնացնում: Այսօր ուրբաթ՝ 13-է:

Նապոլեոն Բոնապարտը, եթե դեռ կենդանի լիներ, հաստատ այս օրը ռազմական ճակատամարտի դուրս չէր գա: Ուրբաթ 13-ի առեղծվածը տարբեր ժամանակներում վախեցրել է աշխարհի բազմաթիվ տիրակալների, հզոր ղեկավարների և անվանի քաղաքական գործիչների:

Այս օրը  Անգլիայում պաշտոնապես չի գործում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը, իսկ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում օրենք կա, ըստ որի՝ բոլոր սև կատուների տերերը ուրբաթ ամսի 13- ին իրենց կենդանիներին զբոսանքի տանելուց առաջ՝ պետք է նրանց վզկապներին զանգակ ամրացնեն:

Շատերը հավատում են, որ այսպիսի ուրբաթ օրերը ոչ նպաստավոր են ճամփորդության, ամուսնանալու, նոր գործարք սկսելու համար:

Ուրբաթ 13-ի նկատմամբ վախը հասարակ մարդկային սնահավատություն է՝ վստահ է  հոգեբան Նարինե Պետրոսյանը:

Ուրբաթ 13-ից վախի երևույթը նույնիսկ իր գիտաբժշկական անվանումն ունի՝ պարասկավեդեկատրիաֆոբիա: Մարդիկ, սակայն, այսօր, այդքան էլ զգուշավոր ու վախեցած չէին:

Այս օրը նաև կոչում են «սև» ուրբաթ: Տարբեր լեգենդներ են փորձում բացատրել ամսի 13-ի ուրբաթ օրվա ոչ բարենպաստ նշանակությունը: Ադամը և Եվան հենց ուրբաթ, 13-րդ օրն են ճաշակել արգելված պտուղը, իրբև թե Կայենը ուրբաթ 13-ին է սպանել իր եղբայր Աբելին, իսկ Հիսուսին՝ հրեական օրացույցով, հենց այս օրն են խաչել:

Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է՝ այս օրը վատ կարող է դառնալ զուտ մարդու ներշնչանքի հետևանքով:

Ուրբաթ 13-ի մասին ամենախորհրդավոր առեղծվածը կապված է տամպլիերների հետ: 1307 թվականի հոկտեմբերի 13-ին, որը, ինչպես արդեն կռահեցիք, ուրբաթ օր էր, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Չորրորդը  հրամայել է ձերբակալել միջնադարում բավականին հզոր և հարուստ միաբանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնց հետագայում վառել են խարույկների վրա կամ գլխատել՝ որպես հերետիկոսների:

Իսկ 1791 թվականին բրիտանական իշխանությունները որոշում են վերջ դնել ուբաթ 13-ի հետ կապված սնահավատություններին և հենց այդպիսի մի օր սկսում են մի մեծ նավի շինարարություն: «Ուրբաթ» անունը կրող այդ նավը ծով է դուրս գալիս ուրբաթ ամսի 13-ին ու չի վերադառնում: Այդ օրվանից անգլիացի նավավարները խուսափում են այս օրը ծով դուրս գալ։

Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհացունց իրադարձությունները ուրբաթ 13-ին չէ, որ տեղի են ունեցել։ Ասենք՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվել է հուլիսի 28-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 1-ին, իսկ ճապոնական Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է նետվել օգոստոսի 6-ին։

Back to top button