Վերլուծական

Ներման գին Էրդողանին՝ Վաշինգտոնից


Ներման գին Էրդողանին՝ Վաշինգտոնից: Ռուսական S-400- ը փոխարինել ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ համատեղելի այլ զենիաթահրթիռային համակարգային տարբերակներով:

Ավելի վաղ, տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ին հայտնել էր, որ Սիրիան գերտերությունների համար դառնում է սակարկությունների առարկա, եւ Էրդողանի համար ցանկալի եւ երազելի Մանբիջից ամերիկյան զինուժի դուրս գալու գինը կարող է լինել S-400-ից հրաժարումը:

Դեռ երկու շաբաթ առաջ արված կանխատեսումն այսօր իրականություն է:

Վաշինգտոնը պատրաստ է ներել Էրդողանին, որի գործողությունները շատ հաճախ հակասում են ամերիկյան շահերին, եթե վերջինս հրաժարվի ռուսական S-400-ից։ Հրթիռային այդ համակարգի գնման մասին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին անցած տարի:

2 մլրդ դոլար արժողությամբ գործարքից կհրաժարվի՞ Թուրքիան, փորձագետները չեն շտապում կանխատեսում անել: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ամեն որ փոփոխվող, վերաթարմացվող հարաբերությունների ֆոնին, վերլուծելով սիրիական հակամարտությունում Թուրքիայի երկակի խաղը, նշում է, որ ինչպես միշտ Անկարան այս անգամ էլ շահած դուրս կգա:

«Թուրքիան այսօր ամենաանպատիժ պետությունն է, եւ նրա նախագահն ամենաանպատիժ նախագահն է, որը կարող է անել ամեն ինչ եւ դրա դիմաց որեւէ պատիժ չկրել: Սիրիայում իրականացնել ցեղասպանություն, ներխուժել սուվերեն պետության տարածք, ծեծի ենթարկել ԱՄՆ քաղաքացիներին Վաշինգտոնի կենտրոնում: Չմոռանանք, ԱՄՆ-ի համար Թուրքիան մնում է կարեւորագույն ռազմավարական դաշնակից տարածաշրջանում։ Նրա համար չէ, որ Թուրքիան ՆԱՏՕ- ի անդամ է, այլ որովհետեւ դժվար է պատկերացնել  առանց Թուրքիայի մերձավոր եւ միջինարեւելյան քաղաքականությունը, որը ԱՄՆ ցանկանում է իրականացնել: Նույն էլ ՌԴ-ի մասին: Երկու նախագահները իրար ընկեր եւ բարեկամ են անվանում: Փորձում են այս ընդհանուր շահերի շուրջ կառուցել իրենց հարաբերությունները, ոչ միայն քաղաքական, այլ տնտեսական ոլորտում»: 

Արաբագետ Արմեն Պետրոսյանը թուրք-ամերիկյան սակարկություններից ֆոնին չի շտապում խոսել ռուս-ամերիկյան բանակցությունների մասին, քանի որ, ըստ նրա, այս անգամ Ասադը՝ ռուսների հովանավորությամբ առաջարկելու ոչինչ կարծես թե չունի: Ըստ փորձագետի, չեն երևում սակարկության այն ուղղությունները, որոնք կարող են խնդիրը տեղափոխել դիվանագիտական-բանակցային հարթություն՝ խաղաղ կարգավորման հիմքեր ստեղծելով:

«Արեւմուտքի խնդիրը ոչ թե սիրիական կառավարությունն է, այլ նրա արտաքին հովանավորողները՝ ՌԴ եւ Իրանը: Սրանք հոգեբանական, քարոզչական բնույթի գործողություններ են, որոնք միջազգային հարթակում կարող են սասանել նրանց հեղինակութունը»:

Սուրեն Սարգսյանը նույնպես կարծում է, որ Արեւմուտքի նպատակը Ասադին չեզոքացնելը չէ: Այստեղ շահերի լուրջ բախում կա՝ ասում է փորձագետը, եւ վերլուծելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլը, այն որակում է որպես «սառը պատերազմ»:

Եթե առաջին «սառը պատերազմը» բացի զենքի ու զինամթերքի մրցավազքից  ուներ նաև գաղափարական հակասություն, այսինքն՝  բախվում էին կապիտալիզմն ու սոցիալիզմը, հիմա կան տեղեկատվական պատերազմներ՝ ինտերնետում, սոցիալական ցանցերում, որոնք փոխարինում են գաղափարական պատերազմներին: Այդուամենայնիվ, փորձագետը չի բացառում, որ ամերիկյան հրթիռները կհարվածեն Սիրիային, խնդիրը մտահոգիչ կլինի այն դեպքում, եթե դրանք ընկնեն ռուսական բազաների վրա:

«ԱՄՆ-ն արդեն հետախուզական երկու ինքնաթիռ է բարձրացրել, որոնք Սիրիայի տարածքով պտույտներ են կատարում, և հավանական է, որ հենց այդ տարածքում էլ հարվածներ հասցվեն: Իր հերթին Ռուսաստանն էլ բարձր պատրաստվածության է բերել իր ուժերը, որոնք գտնվում են Ռուսաստանում: Երկու կողմերը որքան էլ փորձում են տակտիկակն քայլերը, չի բացառվում ուժի կիրառումը: Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ սպառնում են ուժ կիրառել Ասադի դեմ: Մի քանի ամիս առաջ Թրամփի հրամանով հարվածել են Ասադի զորքերի տեղակայաման վայրերին»:

Այստեղ տեղին է նշել Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսին, որն Սպիտակ տանը կայացած քննարկումների ժամանակ, ըստ Նյու Յորք թայմսի, կոչ էր արել հապաղել Սիրիային հարվածելուց, քանի որ այն կարող է վերաճել Ռուսաստանի ու Իրանի հետ Արեւմուտքի ավելի լայն հակամարտության։

Back to top button