Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել բուժումից վերադարձած մայորին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է մայոր Սարգիս Ստեփանյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ ամիսներ առաջ մեկնել էր Հնդկաստան` ստանալու վերջույթների պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժումը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը:

Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ սպան, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, ստացել է անհրաժեշտ բուժում և, օրեր առաջ վերադառնալով հայրենիք, պիտի շարունակի իր ծառայությունը:

Իր հերթին մայոր Սարգիս Ստեփանյանը խորին շնորհակալություն հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին իր բուժումն ու ապաքինումը Հնդկաստանում կազմակերպելու և իրեն ընտանիքով հանդերձ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում այս ժամանակահատվածում ջերմորեն հյուրընկալելու համար: Զինվորականը վստահեցրել է, որ այս նախաձեռնության շնորհիվ ինքը վերստին հնարավորություն է ստացել շարունակելու իր պարտականությունների իրագործումը:

Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով, ապա իր գնահատանքը հայտնել Հնդկահայոց հոգևոր հովվին և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության անդամներին նման հայրենանվեր գործունեության համար: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է, որ Մայր Աթոռն այսուհետ ևս կշարունակի այս նախաձեռնությունը` աջակցելով մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորների բուժման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք է բարձրացրել առ Աստված հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

Back to top button