ԿարևորՏնտեսական

Հայաստանը գտել է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու այլընտրանքը


Հայաստանը Մեծամորի ատոմակայանին գործող էներգաբլոկը փակելու ու դրա փոխարեն նորը կառուցելու թանկ ու դեռեւս անորոշ ծրագրին այլընտրանք է գտել:

Դրա իրականացման ժամկետներն ու միջոցներն արդեն հստակ են՝ այսօր «Ռադիոլուրին» ասել է Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը: Գործող էներգաբլոկը ռուսական տեխնոլոգիաներով վերազինելը թույլ կտա դրա կյանքը երկարացնել մինչեւ 30 տարով:

Ատոմակայանի անվտանգությունը, այդուհանդերձ, ինչ-ինչ առումով կասկածի տակ առնվո՞ւմ է, եւ ապահովության ի՞նչ երաշխիքներ են տալիս հայ եւ արտասահմանցի մասնագետները:

Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկն արդիականացվում է, ամրացվում, ու առաջիկայում նույն վառելիքով սկսելու է 15-20 տոկոսով ավելի շատ հոսանք արտադրել՝ «Ռադիոլուրին» այսօր ասաց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը:

Սա նոր էներգաբլոկ կառուցելու այլընտրանքն է, երկարաժամկետ ու արդյունավետ այլընտրանքը՝ ասում է: Հոսանք արտադրող հիմնական սարքավորումների արդիականացումը սկսվել է արդեն այս տարի: Սա համարժեք է նորը կառուցելուն: Այս եւ եկող տարի կավարտվեն ՀԱԷԿ-ի 2 տուրբինների հետ կապված աշխատանքներն էլ:

« Փաստորեն՝ պատկերացրեք, դա նոր սարքավորում է: 30 տարի ամենաքիչը մենք կարող ենք այն օգտագործել, եթե մյուս հանգամանքները թույլ տան՝ հիմնականում ռեակտորի վիճակը: Կամ պիտի գործող բլոկը կանգնեցնեինք ու կառուցեինք նորը, որը 15-20 անգամ թանկ կարժենար, կամ էլ աշխատեինք այս էներգաբլոկը վերազինել, ինչպես անում են աշխարհում ամեն տեղ»:  

Արդիականացումն արվում է ռուսական վարկով ու դրամաշնորհով, նաեւ՝ ՀԱԷԿ-ի միջոցներով: Տեխնիկապես աջակցում են ռուս մասնագետները: ՄԱԳԱՏԷ-ի ու ԱՄՆ մասնագետներն արդեն տվել են դրական եզրակացություն:

Կատարվող ծախսերը ենթադրո՞ւմ են էլեկտրաէներգիայի թանկացում՝ հետաքրքրվում ենք: Ենթադրում է՝ պատասխանում է ատոմակայանի փոխտնօրենը:

«Մոտավորապես 2-3 դրամով՝ 2020 թվականից: Մենք վարկը պետք է սկսենք վճարել 2020 թվականից՝ 10 տարվա ընթացքում: Պարզ է, որ մենք գումարի այլ աղբյուր չունենք՝ բացի մեր արտադրած էլեկտրաէներգիայից»:

 Նոր միջուկային էներգաբլոկի կառուցումից Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել՝ շեշտում է «Հայատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Սա գումարի խնդիր է։ Լուծելու համար հիմա մենք ավելի շատ ժամանակ կունենանք, քանի դեռ վերազինված էներգաբլոկը կաշխատի: Այսօր Հայաստանում ամենաէժան հոսանքն արտադրում է ատոմակայանը, ինչի արդյունքում բնակչությանը վերջնական վաճառքի գինը հնարավորինս ցածր է մնում: Ուստի  ՀԱԷԿ-ի շահագործման  երկարաձգումը զրուցակիցս համարում է օրախնդիր: 1995-ից մինչ օրս ՄԱԳԱՏԷ-ի պահանջով ատոմակայանի ամրացման, վերազինման տարբեր միջոցառումներ են իրականացվել, ինչը մասնագետի համար հիմք է հայտարարելու՝

«Այսօր մեր ատոմակայանի անվտանգության մակարդակը գտնվում է բավականին լավ մակարդակի վրա եւ համապատասխանում է միջազգային նորմերին: Բայց դա բավարար չէ: Ատոմակայանն այն օբյեկտներից է, որը պահանջում է մշտական աշխատանք եւ անընդհատ ներդրումներ»:

Յուրի Սարաեւը ատոմային էներգետիկայի ոլորտում տասնամյակների աշխատանքի փորձ ունի: Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո լիկվդացիոն աշխատանքների ակտիվ մասնակիցն էր ու հետագայում ատոմակայանների համար ճարտարապետաշինարարական լիովին նոր համակարգ մշակողներից: Հայաստանի ատոմակայանի հին ու նոր խնդիրներին քաջածանոթ է, դրա չաշխատելու պատճառով ցուրտ ու մութ տարիներն էլ է հիշում:  Դրա կրկնությունը չի կարելի թույլ տալ՝ շեշտում է Միջուկային էներգիայի եւ արդյունաբերության վետերանների միջազգային միության առաջին փոխնախագահ Յուրի Սարաեւը:

 «Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի համար համարում ենք հիմնարար: Երբ արդիականացման աշխատանքներն ավարտվեն, էներգաբլոկը եւս մի քանի տասնյակ տարվա գործունեության թույլտվություն կստանա, անվտանգությունն էլ կլինի ապահովված: Բայց այդ ընթացքում պետք է կառուցվի նոր էներգակայան»:

 Ատոմային էներգաբլոկի շահագործումը ենթադրում է ամենատարբեր ռիսկեր՝ սկսած այսպես ասած մետաղի «հոգնածությունից»՝ վերջացրած բազմաթիվ անսպասելի վտանգներով. բնապահպաններն են ահազանգում՝ նախ մատնանշելով ՀԱԷԿ-ի տեղակայման արդեն սեյսմավտանգ տարածքը: Բայց Հայաստանի տնտեսական վիճակը հաշվի չառնել էլ չի կարելի՝ նկատում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Այլ տարբերակ ու հնարավորություն մեր երկիրը չունի՝ նկատում է զրուցակիցս:

 

Ատոմային էներգետիկային այլընտրանք արեւային, հողմային, հիդրոկայանների կառուցումն աշխարհում շարունակում է լայն թափով զարգանալ: Մեր երկրում դրանք որքան էլ զարգանան, հոսանքի ողջ պահանջակը չեն կարող բավարարել՝ նկատում են էներգետիկներն ու շեշտում՝ ՀԱԷԿ-ի սեյսմիկ  անվտանգությունը 8-ից այժմ հասցվել է 9 բալի:

Back to top button