ԿարևորՀասարակություն

Օրակարգային 72 հարց, մեկուկես ժամ քննարկում. կառավարության առաջին դռնփակ նիստը

Օրակարգային 72 հարց, մեկուկես ժամ քննարկում. կառավարությունն այսօր երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ դռնփակ նիստ անցկացրեց։

Համապատասխան օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, դռնբաց նիստերի ժամանակ կառավարության անդամները կաշկանդվում են։

Լրագրողները փորձել են պարզել, թե որքան բուռն ու արդյունավետ է անցել դռնփակ նիստը։

 


2008 թ. մինչև  2018թ ապրիլի 5 ամեն հինգշաբթի լրագրողները կառավարության շենք էին մտնում 10.30: Կառավարության շենքի առջև տասը տարի հավաքվում էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, իրենց խնդիրներին լուծում փնտրող քաղաքացիներ:

Այսօր, սակայն, լրագրողներս կառավարության շենք մտանք 12.20, եւ կառավարության շենքի մոտ չկային բողոքողներ ու ցուցարարներ: Այսօրվանից  կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն:

Ինչպես և խոստացել էին, գործադիրում փորձեցին ապահովել աշխատանքից թափանցիկություն՝ անցկացնելով միանգամից երկու ճեպազրույց:

72 հարց՝ մեկուկես ժամում. կառավարությունում վերջին տարիներին առաջին անգամ նիստը անցկացվեց՝ առանց օնլայն հեռարձակման: Սա օրենքի պահանջն է՝ ավելի բաց ու թափանցիկ նիստեր անցկացնելու  ակնկալիքով։ Բուռն քննարկումներ, նույնպես ակնկալվում են: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը որևէ արտառոց քննարկում նիստում չի նկատել.

«Եղան հարցեր, որ առաջարկներ հնչեցին։ Այս անգամ հարցերը շատ շատ էին: Այն ժամանակ էլ էինք անկաշկանդ»:

Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ կառավարության նիստերը դռնփակ անելու նախաձեռնության գնահատականի համար ժամանակ է պետք: Իսկ այսօրվա նիստից  տպավորությունները դրական էին: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը փոխանցեց, որ ավելի  մանրամասն քննարկումներ են ծավալվել, նիստը արդյունավետ է համարում

«Աշխատանքային մթնոլորտ էր, անկեղծ: Բանավեճեր չեղան, այլ հարցերի մանրամասն քննարկումներ եղան: Չէինք շտապում»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նկատում է՝ միշտ են ազատ արտահայտվել, բաց ու թափանցիկ աշխատել, այսօր օրակարգն էր հագեցած:

Գործադիրում խոստանում են  հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվությունը  բաց, հասանելի և օպերատիվ լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button