ԿարևորՀասարակություն

Ուկրաինացի դիվանագետները կարող են հանդիպել ուկրաինացի բլոգերի հետ՝ «Ռադիոլուրին» հայտնել է գլխ. դատախազի խորհրդականը

լրացված 18.13

Այսօրվանից Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկիի, նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Բայդակի հետ տեսակցությունների վրա դրված արգելքը հանվում է՝ «Ռադիոլուրին» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը «Ռադիոլուրի» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ հայկական կողմն իրենց հյուպատոսական աշխատակցին չի թույլատրում հանդիպել իրենց քաղաքացուն նրա պահման վայրում։

Ռուսաստանի հարցմամբ Հայաստանում ձերբակալված ուկրաինացի բլոգերին իր երկրի դիվանագետներն այսօրվանից կարող են արդեն այցելել՝ փոխանցում է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ի պատասխան  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի մտահոգության ու հարցերի, թե ի վերջո՝ ինչո՞ւ հայկական կողմը չի պատասխանում իրենց նոտաներին եւ ինչո՞ւ չի թույլատրում տեսակցել իր քաղաքացու հետ: Գոռ Աբրահամյան:

«Ես չեմ կարող ասել՝ ում են իրենք ուղղել նոտա, կարող եմ միայն պնդել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեսպանատնից որեւէ նման դիմում չի ստացել: Այսօր արդեն այդ արգելքը չկա դեսպանատան պաշտոնատար անձանց համար: Նրանք կարող են այցելել: Մեղսագրվում է կեղծ փաստաթղթերի օգտագործման եւ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածներով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար»:

Ուկրաինայի դեսպանությունը պնդում է՝ անձն ամեն դեպքում իրենց քաղաքացին է: Մեղավո՞ր է, թե ոչ՝ դեռ կպարզվի, սակայն ամեն դեպքում իրենք նրա շահերի պաշտպանության առումով ամեն քայլ կձեռնարկեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է   Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Կալյուսկին ձերբակալվել է Ռուսաստանի հարցմամբ, որը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205 հոդվածով. Խոսքը տեռորիզմի մասին է»:

2013-ին եւս, այն ժամանակ լինելով դեռ Ռուսաստանի քաղաքացի, նույն անձը նույն հոդվածով մեղադրվել է Ռուսաստանում, սակայն գործի վերանայումից հետո ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից՝ հիշեցնում է ուկրաինացի դիվանագետը: Ազատ արձակվելուց հետո նա վերադարձել է Ուկրաինա ու ստացել այդ երկրի քաղաքացիություն:  Հաջորդիվ՝ Ռուսաստանը կրկին նրա հանդեպ հետախուզություն է սկսում՝ կրկին ահաբեկչության գործով, ապա նա ձերբակալվում է Հայաստանում, սակայն այս անգամ այլ՝ փաստաթղթերի կեղծման եւ պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքով:

«Ցավոք, այժմ հայկական կողմը մեր հյուպատոսական աշխատակցին չի թույլատրում նրա պահման վայրում հանդիպել: Մենք արդեն 2 անգամ նոտա ենք ուղարկել՝ խնդրանքով՝ թույլատրել հյուպատոսի հանդիպումը մեր քաղաքացու հետ, սակայն թույլտվություն դեռ չենք ստացել: Ճիշտ է ձերբակալման որոշումը, թե ոչ՝ կորոշվի դատական գործընթացների արդյունքում: Հայաստանի դատարանը որոշում կկայացնի»:

Հայաստանում Ռուսաստանի հարցմամբ Ուկրաինայի քաղաքացու ձերբակալությունը քաղաքականացված խնդիր չի կարող լինել՝  շեշտում է  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Սա նրա բլոգերային գործունեության հետ էլ որեւէ կապ չունի՝ ասում է ու շեշտում փաստը՝ տվյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 անձնագիր՝ 2 տարբեր անուններով:  Նախաքննություն է ընթանում, հանգամանքները կպարզվեն՝ շեշտում է զրուցակիցս:

Ուկրաինական դիվանագիտական կառույցում դժվարանում են ձերբակալությանը քաղաքական դրդապատճառներ չվերագրել: Դենիս Ավտոնոմով: 

«Եթե Ուկրիաինայի քաղաքացին ձերբակալվում է Ռուսաստանի հարցմամբ, դժվար է այստեղ քաղաքականություն չտեսնել»:

 Բոգդան Կալյուսկին, նույն ինքը՝ Մաքսիմ Բայդակը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում  մարտի 31-ի վաղ առավոտյան: Օրեր առաջ նա Երեւան էր ժամանել Կիեւից՝ անցնելով սահմանային բոլոր ստուգումները: Իսկ արդեն Կիեւ վերադառնալիս նույն փաստաթղթերում կեղծիք էր հայտնաբերվել:: Քաղաքացուն արտահանձնելու մասին դեռ որեւէ քննարկում չկա՝ շեշտում է Գոռ Աբրահամյանը՝  ի պատասխան որոշ հասարակական կազմակերպությունների մտահոգությունների, թե Ուկրաինայի փոխարեն Ռուսաստանին արտահանձելը կարող է նրա հանդեպ հաշվեհարդար նշանակել: 

Ցուցադրել ավելի
Back to top button