Քաղաքական

Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է. Freedom House


Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակած զեկույցում պնդում է, որ անցած տասը տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:

Գնահատելով անցումային շրջանում գտնվող երկրների ժողովրդավարական վիճակը՝ կազմակերպությունն արձանագրել է, որ այս ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը եւ Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առջեւ:

Իշխող հանրապետականում, մինչդեռ, զարմացած են այն մոտեցումից, որ խորհրդարանական կառավարումը փորձում են համարել պակաս ժողովրդավարական, քան նախագահականը՝ ակնհայտ համարելով որոշակի քաղաքական շահագրգռվածությունը գնահատականների ընթացքում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում նկատել է նաեւ, որ գերլիբերալ հայացքներ կրող կազմակերպության գնահատականներն, ընդհանրապես, շատ են սաստկացել բազմաթիվ երկրների նկատմամբ, անգամ ԵՄ անդամ երկրների:

Այս տարվա գլոբալ ազատության ինդեքսի զեկույցում էլ կարելի է տեսնել, որ քննադատության է ենթարկված Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում եւ մի շարք այլ երկրներում աջակողմյան կոնսերվատիվ պահպանողական կուսակցությունների հաղթանակները կամ ընտրություններում հաջողությունները:

Այսինքն, այն ինչ-որ կատարվում է այսօր աշխարհում լիբերալ աշխարհայացքի տեր մարդկանց կամ կազմակերպությունների սրտով չէ, բայց, այդուհանդերձ, դա իրականություն է՝ շեշտել է ՀՀԿ փոխնախագահը: Զեկույցի վերաբերյալ «Ռադիոլուրը» փորձել է պարզել նաեւ քաղաքացիական հասարակության դաշտում առկա տեսակետները:

 

 

Back to top button