Հասարակություն

Ինչու են հայաստանյան բուհերը դուրս մնում միջազգային վարկանիշավորման աղյուսակից


Ռուսական վարկանիշային գործակալությունը 2018 թվականի համալսարանների վարկանիշային ցուցակն է հրապարակել: Գնահատվել են 74 երկրներից ընդհանուր 783 համալսարաններ:

Պետք է նկատել, որ այս վարկանիշային ցուցակը գրեթե համընկնում է Արեւմտյան գործակալություններից նման ցուցակներին։ Այս վարկանիշավորման աղյուսակում եւս հայաստանյան ոչ մի բուհ չկա:

«Ռադիոլուրը» պարզել է, թե ինչու հայաստանյան բուհերը չկան, առավել ևս երբ սա առաջին դեպքը չէ, որ մեր բուհերը ընդգրկված չեն միջազգային վարկանիշավորման աղյուսակներում:

Ռուսական վարկանիշային Round University Ranking  գործակալությունը հրապարակել է  2018 թվականի համալսարանների միջազգային վարկանիշը: Գնահատվել են 74 երկրներիի շուրջ 800 համալսարաններ: Լավագույն համալսարանը երկրորդ տարին անընդմեջ Հարվարդն է, երկրորդ տեղում Չիկագոյի համալսարանն է, իսկ երրորդը`Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: Հատկանշական է, որ վարկանիշային աղյուսակում հայաստանյան ոչ մի բուհ չկա: Մինչդեռ՝ աղյուսակում կարելի է թեսնել թուրքական 13, ադրբեջանական 2 եւ վրացական 1 բուհ:

Ինչով է պայմանավորված, որ մեր բուհերը չկան այդ վարկանիշային աղյուսակում։ Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ բուհերի վարկանիշավորումը կազմվում է հաշվի առնելով մի քանի չափանիշներ.ֆինանսական հնարավորություններից մինչև նոբելյան մրցանակակիրներ ունենալը: ԵՊՀ-ն իհարկե որոշակի նշանակություն տալիս է այդ ռեյտնիգներին, բայց նաև չի գերագնահատում դրանց դերը:

Երևանի պետական բժշկական համալսարանից էլ «Ռադիոլուրին» հայտնեցին, որ տվյալ վարկանիշային կազմակերպությունը վարկանիշավորում անցկացնելու որևէ հայտ չի ներկայացրել իրենց բուհին: Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի կրթության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Մարինա Խաչատրյանը նշեց, որ տվյալ ռեյտինգավորմանը մասնակցելը չի մտնում իրենց ռազմավարության մեջ:

Վարկանիշային աղյուսակում հայաստանյան բուհերի բացակայության պատճառների մասին հետաքրքրվեցինք նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանից: Ի տարբերություն բուհերի ներկայացուցիչների՝ նրա դիտարկումը բոլորովին այլ էր:

Ըստ Թոփչյանի՝ միջազգային վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու համար նախևառաջ պետք է ճանաչված լինել: Մեր համալսարանները, իհարկե, արդեն սկսել են տպագրվել գիտական ճանաչված ամսագրերում, միայն թե շատ ուշացած, նշեց որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենը:

Թոփչյանի փոխանցմամբ, վարկանիշային աղյուսակում հայտնվում են, ոչ թե հրավերով կամ դիմելով, այլ բուհն ակամա ընդգրկվում է իր ճանաչելիության շնորհիվ: Այս ամենի մեջ, ի դեպ, շատ կարևոր են նաև ֆինանսական ներդրումները, քանի որ առանց դրանց գիտությունը չի զարգանա: Ինչպես բոլոր մյուս վարկանիշային կազմակերպությունները, Round University Ranking  գործակալությունը ևս բուհերի գործունեությունը գնահատել է մի քանի կարևորագույն ցուցանիշներով.  դասավանդման  և հետազոտությունների որակ, ֆինանսական վիճակ եւ միջազգային բազմազանություն:

Back to top button