Քաղաքական

«Ազատության ջահը»՝ ծխարձակիչներով. քաղաքական ակցիա՞, թե՞ շոու

Այսօր ԱԺ-ն միաձայն՝ 95 կողմ ձայնով վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Կողմերը փաստաթուղթը  ստորագրել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

«Իր տեսակի մեջ այս կարևոր փաստաթուղթը նոր էջ է բացում  ՀՀ-ԵՄ հարաբերություններում` քվեարկությունից հետո  Ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նաև հավելել, որ  պետք է անել հնարավորը՝ համաձայնագրի արդյունավետ իրագործման ու դրա ընձեռած բոլոր հնարավորությունները ճիշտ կիրառելու համար:

Համաձայնագիրը միաձայն՝ 95 կողմով  ընդունելուց հետո  խորհրդարանն այսօր անցել է  «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում  կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկմանը:  «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ելույթը անակնկալի է բերել դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորներին: ԱԺ նիստերի դահլիճը մի քանի րոպե  ողովել է գունավոր ծխով: Պատգամավորներից մի քանիսը ակցիան հիմարություն են որակել, մյուսները՝ ըմբոստության քայլ:

 

 

ԵՄ-Հայաստան  համաձայնագրի քվեարկությանը  դահլիճում ներկա  էր 95 պատգամավոր, դրան հաջորդած քննարկմանը՝ մասնակիցների թիվը ավանդույթի համաձայն  մի քանի անգամ կրճատվեց:

Պատագամավորները հանգիստ քննարկում էին «Առևտրի  և ծառայությունների մասին» օրենքում կառավարութան առաջարկած փոփոխությունների նախագիծը՝ հիմնականում ողջունելով, որ կառավարությունը որոշել է սահմանափակել ժամանցի որոշ  վայրերի գործունեությունը, օրինակ սահմանել, որ դիսկոտեկներն ու տարատեսակ ակումբները պետք է բնակելի շենքերից հեռու տեղակայվեն:

Պատգամավորները հարցեր էին  տալիս, հետո ելույթների հերթն էր: 4 հերթագրվածներից  երրորդը Ելք-ից Արարատ Միրզոյանն էր, Նա մոտեցավ ամբոիոնին ու կտրուկ փոխեց քննարկման  թեման ու ԱԺ մթնոլորտը:

«ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը , երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի իշխանավորումը, դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք Ազատության ջահը»:

Միրոզյաին միացավ Լենա Նազարյանը, երկուսով վառեցին  իրենց ձեռքի ծխարձակող ճայթուկները, ԱԺ նիստերի դահլիճը  ողովեց գունավոր ծխով:

Մի քանի րոպե դահլիճը ծխի մեջ էր ու մինչ ծուխը կցրվեր,   նույն Ելքից մեկ այլ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում վերցնել:

«Պարոն Գորգիսյան, ինչ ընդմիջում, դուք , ձեր խմբակցությունը… Թող հանրությունը որոշի՝ ով ինչով է զբաղված պառլամենտում»:

Ակցիայից հետո  Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծուխն անվնաս էր, իսկ  նպատակը «Իմ քայլը» նախաձեռնության նկատմամբ ուշադրություն հրավիրելն էր: Պատգամավորներից շատերը,   սակայն,  ակցիան չգնահատեցին, ՀՀԿ-ից Շուշան Պետրոսյանի կարծիքով , օրինակ,  տեղի ունեցածն ընդհանրապես ակցիա չէր, Գագիկ Մինայանի կարծիքով ՝ հիմարություն էր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի արձագանքը ոչ միայն խոսնակի անունից էր , այլ նաև  բժշկի տեսանկյունից:

Միանշանակ չէր Ելք դաշինքի մյուս թևի արձագանքը: «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող պատգամավորները նշեցին, որ իրենք ակցիայից տեղյակ չէին:  Ընդունում էին այն թե ոչ՝ այդքան էլ պարզ չէր: Մանե Թանդիլյանը  թեև առաջարկեց ակցիան չհեգնել, բայց վստահ չէր, որ այն վտանգավոր չէ:

Ուշագրավ էր, որ  ակցիան տեղի ունեցավ այն օրենքի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է սահմանափակել ծառայության որոշ օբյեկտների գործունեությունը: Մասնավորապես սահմանել, որ դիսկոտեկները, կարաոկեները, սաունաները և  տարատեսակ այլ ակումբներ չեն կարող  տեղակայվել  բազմաբնակարան շենքի կամ դրան հարակից  տարածքում, ինչպես նաեւ  կրթական եւ պատմամշակութային հաստատություններին մոտ:

Այն օբյեկտները, որոնք արդեն տեղակայված են,  1 տարի ժամանակ այլ վայրեր տեղափոխվելու համար: Օրենքով խստացվում են պահանջները չբավարերլու, ինչպես նաև գիշերային սահմանված ժամերին լռությունը  չպահպանելու տուգանքները:

Ի դեպ, ակցիայով ընդհատված, հետո վերսկսված քննարկման ժամամաակ  ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը հիշեց  հրավառությունները սահմանափակող օրենքը՝  ափսոսանք հայտնելով, որ   արգելվող տարածքների մեջ չեն մտածել  ներառել նաև ԱԺ նիստերի դահլիճը:

Back to top button