Հասարակություն

Ջրաչափերի տուգանքների հարցով քաղաքացիները դիմում են ՀԿ-ներին

«Վեոլիա ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ շարունակում են դժգոհություններ հնչել: Նորից ջրաչափերի տուգանքների հարցով քաղաքացիները դիմում են  հասարակական կազմակերպություններին:

Այսօր երկու քաղաքացիներ պետք է հանդիպեին «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն  հանդիպումը հետաձգվել է:  «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն դիմել է դատախազություն և հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողով:  

Ջրաչարերի հարցով խնդրի զարգացումներին ծանոթացել է «Ռադիոլուրը»:

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրաչափերի փոփոխության արդյունքում տուգանված եւ  Սպառողների աջակցման կենտրոն դիմած երկու քաղաքացիներ այսօր պետք է հանդիպեին ընկերության ղեկավարության հետ, սակայն ընկերությունը հետաձգել է հանդիպումը:  «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն  «Վեոլիա ջրի»  գործունեությանն ուղղված մոտ 50-ից ավելի դիմում- բողոք է  ստացել:

Դիմումներն էլ հիմնականում  Շենգավիթ և Կենտրոն  վարչական  շրջաններից են, Հարավ արևմտյան թաղամասից: Հասարակական կազմակերպությունը գնացել է ահազանգերի հետքերով ու պարզել, որ  2017 թվականի ընթացքում «Վեոլիա  ջուր» ընկերությունը 600- ից ավելի (648) ջրօգտագործողների նկատմամբ կազմել է հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մառոզյանի ձևակերպմամբ, ապօրինի ակտեր:

«Հիմնականում գալիս են, քաղաքացուն ասում են, որ փոխում են ջրաչափը, քաղաքացին համաձայնում է: Փոխում են ջրաչափը, հինը տանում են իրենց հետ: Տվյալ պահին ոչ մի արձանագրություն չի կազմվում խախտման կամ ջրաչափի արտաքին միջամտության հետ կապված: Մոտ մեկ ամիս անց քաղաքացուն ակտ է գալիս՝ արտաքին միջամտության հետքեր կան  և այլն  կամ այլ հետքեր և տուգանում են ինչ-որ մի թիվ»:

Ջրաչափը հեռացնելուց հետո  տեղում պետք է տեսուչները  կազմեն խախտման մասին  արձանագրություն, ինչը չի արվել, հայտարարեց իրավաբանը:  Եվ այսօր արդեն տուժած բաժանորդները ընկերության հետ կնքած պայմանագրով սահմանված ժամկետներում վճարում են տուգանքները:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» ՀԿ-ը դեռ մեկ ամիս առաջ  դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: «Վեոլիա ջուր» ընկերությունից, սակայն, մեր հարցմանը պատասխանեցին, որ ընկերության տեսուչները տեղում կարող են միայն արտաքին զննում իրականացնել, այսինքն՝  կնիքը տեղում է, թե ոչ, ապակին կոտրված է, թե ոչ: Սակայն խախտումներ  կան, որ  լաբորատոր ուսումնասիրության արդյունքում են երևում, ասում է ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

«Այնտեղ մենք լուսանկարում ենք,  լուսանկարները պահում ենք,   ջրաչափերն էլ ենք պահում: Դրա համար այն քաղաքացիները, ովքեր ասում են, որ հանիրավի են իրենց ջրի վերահաշվարկ կատարել, նախ, երբ ծանուցագիր են ուղարկում, որ պետք է փոխենջրաչափը, 10 օրվա ընթացքում նեղություն քաշեք գնացեք  լաբորատորիա և ներկա եղեք Ձեր ջրաչափերի ստուգմանը, որպեսզի սուբյեկտիվություն  չլինի»:

Ջրաչափերի ստուգման գործընթացին չմասնակցելու  դեպքում էլ  բաժանորդները կարող են դիմել «Վեոլիա ջուր»  և նրանց  կտրամադրվի ջրաչափերի  խախտումներով լուսանկարներն ու  կվերադարձնեն  նրանց ջրաչափը:  2017 թվականին ընկերությունը փոխել  է մոտ 20 հազար ջրաչափ: Եվ այդ 20 հազարից մոտ 650 են եղել  խախտումներով: Եթե մանրակրկիտ զննվեն ջրաչափերը, ապա բոլորն են խախտումներով, ասում է ընկերության մամուլի խոսնակը,  քանի որ հին ջրաչափերի օգտագործման ժամկետները վաղուց են ավարտվել:

Դրանք տեղադրվել են  2002-2004 թվականին, իսկ արտադրողի կողմից այն տրվում է 5 տարի օգտագործման ժամկետով: Նորով փոխարինված  Ց դասի ջրաչափերն ազգաբնակչությանը կծառայեն առնվազն 10 տարի, հավելեց ընկերության մամուլի խոսնակը: Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան դիմել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու  դատախազությանը: Խաչատուր Մառոզյան.

«Մենք հուսով ենք, որ կբացահայտվի այս ամբողջ գործընթացը։ Ինչ է կատարվել և  մեր քաղաքացիների նկատմամաբ կազմված այս բոլոր ակտերը կհամարվեն առոչինչ»: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլին 4- ին վարչական վարույթ է հարուցել։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց.

«Վարույթը կավարտվի, ուսումնասիրությունը կավարտվի, խնդրեմ»: 

Դատախազությունից  «Ռադիոլուր»-ին հայտնեցին, որ ջրաչափերի հարցով դիմում ստացել են և այժմ այն քննարկման փուլում է:

Ցուցադրել ավելի
Back to top button