ԿարևորՔաղաքական

Մարաղայի կոտորածներից 26 տարի անց

26 տարի առաջ Ադրբեջանը կոտոորածներ կազմակերպեց Մարաղա գյուղում: Կա հանցագործություն և հանցագործներ, սակայն չկա պատիժ, այսօր հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Իսկ Ադրբեջանին անպատիժ թողնելը ծնում է նոր հանցագործություններ: Ապացույցը 2016 թվականի ապրիլին  Թալիշում  կատարվածն էր:

Մարաղայի կոտորածներից 26 տարի հետո էլ որեւէ տեղեկություն 19 գերեվարվածի մասին չկա՝ այսօր հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի հատուկջոկատային ոստիկանները գրոհեցին Արցախի Մարաղա գյուղը՝ այնտեղ իրականացնելով խաղաղ բնակչության կոտորածներ, իսկ մի մասին էլ գերեվարեցին Ադրբեջան։

Բաքուն է կրում  գերեվարվածների մասին տեղեկատվություն տալու պատասխանատվությունը՝ վստահ է Լարիսա Ալավերդյանը, որի ղեկավարած կազմակերպությունը որոշել է կազմել իրավական փաթեթ և դիմել  միջազգային կազմակերպություններին: Ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի օրենսդրության մեջ կան կետեր, որով նրանք  կարող են  պատասախանատվության կանչվել պետության ներսում՝ ասում է:

«Դա էլ է կետ, որով դիմում են միջազգային ատյաններին, որ պետությունը, որտեղ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, չի պատժել այդպիսի ծանր ու դաժան հանցագործությունների համար: Ինչպես նաև պատանդության մեջ գտնվողների մասին որևէ տեղեկություն չտալու համար»:    

Ունենալ այդքան  փաստաթղթեր և լռել  կատարվածի մասին, անթույլատրելի է, կարծում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը: Իր ոճրագործությունների մասին Ադրբեջանն անընդհատ է հիշեցնում՝ ասում է: Ապացույցը՝ 2016 թվականին Թալիշում կատարվածն էր: Մարաղայի կոտորածներն իրականացրած ադրբեջանական բանակի ստորաբաժանման հրամանատար Շահին Թագիևը, ով իր պետության կողմից հերոսացվել է, այժմ ապրում է  Շվեդիայում:

«Մենք մի քանի անգամ այդ հարցը հնչեցրել ենք և զարմանում ենք՝ ինչու Հայաստանը մինչև հիմա չի հայտարարել այդ մարդու միջազգային հետախուզումը»:

Թեև 2009 թվականից Հայաստանի տեղեկատվական ու քարոզչական մեքենան ակտիվացավ, նկարահանվեցին ֆիլմեր, գրվեցին հոդվածներ, բացվեցին կայքեր,  սակայն ակտիվ քարոզչությանը համաչափ չեն  դիվանագիտական կորպուսի և իրավական դաշտի քայլերը՝ շեշտում է Մարինա Գրիգորյանը:

«Մենք մինչև հիմա չենք կազմել Մարաղայի իրավական փաթեթը եւ չենք ներկայացրել միջազգային, այդ թվում նաև դատական ատյաններին»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ- ն այսօր ակնկալելում է նաեւ հայրենական բիզնես համայնքի ներկայացուցիչների աջակցությունը, Մարաղայի և մյուս անպատիժ մնացած կոտորածների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձեւավորելու համար:

Back to top button