Հասարակություն

Պետծառայողները պետության ղեկավարից տանիք են խնդրում

Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում պետական ծրագրով բնակարան ձեռք բերած շուրջ 300 պետծառայողների ու շենքի  կառուցապատող «Միկշինի» միջեւ տարաձայնությունները շարունակվում են: «Ռադիոլուր»-ը շարունակում է անդրադառնալ  շահառուների բարձրացրած խնդիրներին ու դրանց լուծման քայլերին:  

Օրեր առաջ ավելի քան 200 պետծառայողի ստորագրությամբ բողոք-գրությունը հասավ ՀՀ նախագահին, քանի որ պետական տարբեր կառույցների  եւ վարչապետին ուղղված դիմումներն այդպես էլ խնդիրների հանգուցալուծման չհանգեցրին:  

Շենքի շահառուներն  այսօր մասնակցել են «Միկշին»-ի հրավիրած հանդիպմանը, բայց այն բոյկոտել՝ հայտարարելով՝ ընկերությունը խախտել է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունը:

 

Ադոնցի 6/1 հասցեում բնակարան ձեռք բերած, բայց բազմաթիվ խնդիրների բախված շուրջ 300 պետծառայողներն այժմ 2 հիմնական հարց են ուզում լուծել՝ սեփական համատիրություն ստեղծել եւ սեփական տանիք ունենալ:  Արտաքուստ պարզ այս անելիքները, սակայն, ամենատարբեր բարդություններ ունեն:  Տանիքի խնդիրը, տարբեր պետական կառույցներով անցնելով, հասել է հանրապետության նախագահին:

Հարցն այն է, որ շենքը կառուցապատող «Միկշին» ընկերությունն այս ընթացքում բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող տանիքը սեփականաշնորհել է «վերնահարկի» անվան տակ եւ, որպես միանձնյա սեփականատեր, դրա վրա տեղադրել արեւային ջրատաքացուցիչներ, որոնցից ստացած տաք ջուրը վաճառում է բնակիչներին՝ վերջիններիս խոսքով՝ անհիմն բարձր գնով: Շահառու Դիանա Տեր-Ստեփանյան:

«Մեր պայքարը եւ համախմբումը այդ հարցի շուրջ բոլոր պետաշխատողների կողմից ընկալվում է, ընդունվում է, եւ, այո, մենք հասկանում ենք, որ պայքարում ենք «տանիքով» «Միկշին»-ի դեմ մեր անտանիք շենքի բնակիչներով»:

 Ադոնցի 6/1-ի շահառուներն արդեն մի քանի ամիս  է՝ փորձում են ստեղծել սեփական համատիրությունը՝ սեփական  խաղի կանոններով: Իսկ մինչ այդ «Միկշին» ընկերությունը ստեղծել է կոմունալ սպասարկման  2 կազմակերպություն, որոնք իրենց ծառայությունների դիմաց սահմանել են բնակիչների բնորոշմամբ անտրամաբանական բարձր սակագին՝ ամսական  24 հազար դրամ:

Այդ 2 ընկերության ղեկավար Կարեն Ղազարյանը, որը շահառուների պնդմամբ, նաեւ «Միկշին»-ի հետ փոխկապակցված անձ է ու ընկերության կարևոր ներկայացուցիչներից մեկը, 24 հազար դրամի շուրջ դժգոհություններին այսպես է արձագանքում:

«Կան կարծիքներ՝ թանկ է: Ընդունում ենք այդ կարծիքը: Ինչքանով ենք ընդունում՝ մենք գիտենք, ոնց ենք հիմնավորում՝ մենք գիտենք»:

Մարտի 1-ից շենքի շահառուները պետք է սկսեն վճարել նշված 24 հազար դրամը, եթե մինչ այդ համատիրություն չունենան:

«Ռադիոլուր»-ն արդեն փոխանցել է շահառուների դժգոհությունը, որ «Միկշինն» այս ընթացքում փորձում էր պահել իր ստեղծած՝ շահույթ հետապնդող կազմակերպությունների «իրավահաջորդությունը» ու բնակիչներին ուղղորդում ստորագրել դրանց ծառայություններից օգտվելու մասին պայմանագրերը:  Պայմանագրից հրաժարվողների տաք ջուրն ու հոսանքն անջատում են՝ հայտարարում էին բնակիչները:

Բանակցությունների արդյունքում՝ Քաղշինպետկոմի ու քաղաքապետարանի միջամտությամբ, «Միկշին»-ը  համաձայնեց աջակցել բնակիչներին՝ համատիրություն ստեղծել: Հանդիպումներ, քննարկումներ եղան: Բայց «Միկշինը» շեղվեց ձեռք բերված պայմանավորվածություններից ու համատիրության ստեղծման հարցը որոշեց շարունակել՝ անտեսելով դրանք՝ այսօր շահառուների հետ  «Միկշին»-ի հրավիրած հանդիպմանը հայտարարեց շահառու, փաստաբան Մակար Եղիազարյանը:

Իսկ հանդիպումը «Միկշինը» հրավիրել էր՝ ակնկալելով, որ մասնակցող ավելի քան հարյուր շահառուները պետք է անմիջապես ստորագրեն համատիրության ստեղծման մասին իրենց կազմած պայմանագիրը: Շահառուները վրդովվեցին, աղմկեցին: Պահանջեցին տրամադրել պայմանագրի կրկնօրինակը՝ նախապես դրան ծանոթանալու, իսկ ժողովի նպատակահարմարությունը դրեցին կասկածի տակ: Մակար Եղիազարյան:

«Դուք, հավանաբար, ելնելով նրանից, որ մենք սկսեցինք պայքարել տանիքի համար, անձնավորված սկսեցիք հաշվեհարդար տեսնել: Չեմ ուզում վատ բաներ ասել, բայց այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այս ամեն ինչը: Եկանք 10-ից ավելի հոգով, քննարկեցինք, պայմանավորվեցինք, թե ինչպես ենք աշխատելու: Ի՞նչ է նշանակում մեզ անտեսելը»:

Ադոնցի 6/1 շենքին  առնչվող խնդիրը շեշտադրվում է այն պատճառով, որ խնդիրների է բախվել պետական ծրագրով բնակարան ձեռք բերած շուրջ 300 պետական ծառայող: Բնակարանների հանձնման ժամկետերից շեղումներ, ներքին հարդարման անփութություններ, բնակմակերեսների իրականից ավելի հաշվագրում, ինչը բնակիչներին միլիոններ էր արժեցել: Քաղշինպետկոմը ստորագրել էր շենքի ավարտական ակտն ու ընդունել այն՝ առանց հաշվի առնելու, որ շենքին հոսանք մատակարարող ենթակայան չի կառուցվել, ինչի հետեւանքով բնակիչներն ամիսներով չէին կարողանում բնակվել իրենց իսկ բնակարանում: Շահառու, փաստաբան Մակար Եղիազարյանի դիտարկումներին հակադարձում է «Միկշին»-ի փաստաբան Դավիթ Կարապետյանը:

«200-ից ավելի մարդ իր բողոքն է արտահայտել գրավոր ձեւով: Եկեք հասկանանք՝ պետական ծառայողներն այն մարդիկ են, որոնք, երեւի, ամենավերջինը կսկսեին բողոքի ձայն բարձրացնել, որովհետեւ, գիտենք, որոշակի կաշկանդվածություն ունեն: Դա պետք է որոշակի ազդակ տա, որ կա խնդիր: Ինչո”ւ եք փորձում օրենքի շրջանցմամբ այդ հարցը լուծել: Հարցերը մոտավորապես չեն կարգավորվում: Այստեղ պետական աշխատողներ են, ովքեր մշակում են այս երկրի օրենքները»:

Դավիթ Կարապետյանը հակադարձեց՝ պնդելով՝ օրենքի շրջանցում ըստ էության չկա: «Դա Ձեր կարծիքն է: Մենք էլ ենք պաշտպանում, պահպանում օրենքի տառը»,-շեշտեց:

Պետական ծառայողները շարունակում են ակնկալել պետության ղեկավարի ուշադրությունը՝ բառի ամենաուղիղ իմաստով անտանիք չմնալու հարցում: Մյուս կողմից փորձում են լուծել պետական ծրագրի շրջանակում մասնավոր կառուցապատողի հետ ունեցած խնդիրները:

Back to top button