Հասարակություն

Արմատական փոփոխություններ՝ կրթության ոլորտում. ԱԺ լսումներ՝ օրենքի նոր նախագծի շուրջ


Արմատական փոփոխություններ են  նախատեսում նաև կրթության ոլորտում:  Ազգային ժողովում այսօր լսումներ են հրավիրվել  «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծի շուրջ:

Բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացում այնքան ֆինանսավորում է ստանում, որքան, ասենք, ԱՄՆ առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը՝ քննարկմանն ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  

Նրա խոսքով՝  նոր նախագիծը  ոլորտում համակարգային փոփոխություններ է ենթադրում:  Որ փոփոխությունների կարիք կա, ապացուցել են նաև լսումների ժամանակ  հնչած կարծիքները:

 

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքով արմատական եւ որակական փոփոխություններ են նախատեսվում: Համակարգի համար այն նոր խաղի կանոններ է սահմանում, խորհրդարանական լսումներին ներկայացնելով նախագիծը, նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նկատեց, որ վտանգավոր իրավիճակ է մասնավորապես մասնագիտական կրթության և գիտության բնագավառներում: Ըստ նրա՝ բարձրագույն կրթության 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններ են, մնացած 30-ում էլ՝  գերակշռողը IT համակարգն է:  Ստացվում է, որ գիտությունը առանձնապես ներկայացված չէ կրթական համակարգում`ոչ պետականում, ոչ էլ մասնավորում: Գիտության առջև ծառացած մյուս մարտահրավերը սերնդափոխությունն է:

Նախագծով նախատեսվող սերնդափոխությունը դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրան հատկապես վրդովվեցրել է նախագծով սահմանված այն կետը, ըստ որի՝ 70 տարին լրացած անձինք ԲՈՒՀ-երում վարչական աշխատանք իրականացնելու հնարավորություն այլևս չեն ունենալու:

«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ չի հասկանում, թե ինչպես կարելի է խոսել բուհի ինքնավարության մասին, եթե խորհրդի կազմը հաստատում է երկրի վարչապետը:

Նոր օրինագծին շարունակում են դեմ մնալ նաև հաշմանդամություն ունեցող անձինք: «Դիսըբիլիթի ինֆո» հկ ղեկավար Զարուհի Բաթոյանը պնդում է, որ նոր օրինագիծով ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող անձանց  բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը:

Հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները՝ նախարարն այժմ անիրական է համարում հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու բոլոր խնդիրների լուծումը օրենքով: Նշում է, որ պահանջներ կարող են դրվել բուհերի առջև: Թե որ բուհը որքանով դրանք կլուծի,  կախված կլինի բուհի հնարավորություններից: Նախագծի վերաբերյալ ոչ միանշանակ է նաև ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի կարծիքը: Ըստ նրա՝ բարձրագույն կրթության մասին օրենքի շուրջ քաղաքական հիմնական ուժերն ու հասարակությունը պետք է կոնսենսուս ունենան:

Մի քանի ժամ տևած խորհրդարանական քննարկումը կոնսենսուս այդպես էլ չձևավորեց: Կառավարությունը բազմաթիվ մտահոգություններ լսեց: Թե դրանցից քանիսը հաշվի կառնի, պարզ կդառնա արդեն ԱԺ  լիագումար նիկստերում նախագիծը քննարկելիս:

Back to top button