ԿարևորՄշակույթ

Գրքի հանդեպ հետաքրքրությունը՝ արդիական

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Գիրք նվիրելու օրը նշանավորեցին Մանկապատենական գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի պաշտոնական բացմամբ:

Իր սիրելի գիրք նվերներով Գրադարան էր այցելել նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը մասնակցեց «Նվեր զինվորին» և տեղում կազմակերպված այլ ակցիաների:

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փետրվարի 17-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:

Գրադարանի տնօերն Ռուզան Տոնոյան. «Ավանդույթի համաձայն տոնավաճառն իր շուրջն է համախմբել բազմաթիվ գրքասերների, ընթերցողների, գրադարանի բարեկամներին: Այսօր կրկնակի տոն է՝ Թումանյանի ծննդյան և Գիրք նվիերլու օրը: Տոնավաճառի օրերին ոչ միայն կծանոթանաք հրատարակիչների առաջարկած նոր գրքերին, այլև մասնակիցը կդառնաք Գրադարանում կազմակերպվող բազմաթիվ ակցիաներին, մշակութային ծրագրերին»:

Տոնավաճառի շրջանակում նախատեսված են գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ…

Մշակութային ծրագրում կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:

Մեծ ու փոքր գրքասերներն այսօր «Ռադիոլուր»-ի հետ կիսեցին իրենց ոգևորությունը: Շատերն արդեն հասցրել են գիրք ստանալ ու գիրք նվիրել: Մատաղ սերունդը վստահեցնում է ՝ գրքի հանդեպ հետաքրքրությունն այսօր էլ արդիական է:

Գիրք նվերներով Գրադարան էր այցելել նաև մշակույթի փոխնախարար Ներսես Տեր Վարդանյանը:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, առավել շեշտադրվեց «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր և այլն:

Փետրվարի 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, խաղեր և ընտանեկան ընթերցանություն:

Տոնավաճառին ընդառաջ գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ: Աշխատանքների հավաքագրումը շարունակվում է: Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին:

Back to top button