Միջազգային

Գերտերությունները փորձում են զսպել Անկարայի ախորժակը. թուրքագետ

«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը շարունակվում է շուրջ մեկ ամիս, մինչդեռ, ըստ թուրքական նախնական ծրագրի, պետք է տեւեր 6 օր: Այսինքն՝ ներխուժումը ոչ միայն չի ավարտվում, այլեւ հակամարտությունը թուրք-քրդականից վերածվում է  թուրք-սիրիականի:

Այսօր հայտնի դարձավ, որ քրդերը ընդունել են Բաշար Ասադի առաջարկը՝ սիրիական կառավարական ուժերի հետ միասին դիմագրավել թուրքական ագրեսիային: Ինչո՞ւ եւ ի՞նչ փոխվեց այս թնջուկում, արդյո՞ք գերտերությունները փորձում են զսպել Էրդողանի հեռու գնացող ախորժակը:

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում են ռազմական գործողությունները քրդերի եւ թուրքերի միջեւ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝  քրդերը համաձայնել են ընդունել Սիրիայի կառավարական ուժերի օգնությունը: Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ԱՖրինը սիրիական տարածք է, եւ սիրիացիները մտահոգված են ռազմական վերջին զարգացումներից:

«Ընդհանրապես սիրիացիները մերժում են որեւէ օտար ռազմական ուժի առկայություն սիրիական տարածքներում, եթե վերջինս տեղի է ունենում առանց Սիրիայի կառավարության համաձայնության: Սա պաշտոնապես համարում ենք ագրեսիա:

Հալեպում բնակվող լրագրող Հովիկ Շեհիրյանը, ներկայացնելով սիրիական մամուլի այսօրվա արձագանքը, նշում է, որ ավելի վաղ քրդերը մերժել էին Սիրիայի՝ զենքերը պետությանը հանձնելու նախապայմանը: Սակայն այսօր իրավիճակը կարծես թե փոխվել է, քրդերը համաձայնել են Դամասկոսի ներկայացրած նախապայմանին՝ ասում է Հալեպում բնակավող մեր հայրենակիցը: Իրավիճակային նման փոփոխությունը ունի իր հստակ պատճառը: Ըստ արեւելագետ Արմեն Պետրոսյանի՝ առաջարկի կուլիսային հեղինակը ՌԴ-ն է:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը տեղյակ չէ՝ թե՞ Ռուսաստանի հովանավորութայմբ ինչ են պայմանվորվել սիրիական եւ քրդական կողմերը, բայց մեկ բան հստակ է, գերտերությունները փորձում են զսպել Անկարայի ախորժակը: Այս պահին, թուրքական զինված ուժերը աստիճանաբար մոտենում են Աֆրին բնակավայրին՝ ասում է թուրքագետը եւ հիշեցնում Էրդողանի ավելի վաղ հնչեցրած սպառնալիքը.

« Աֆրինի անկլավի «ազատագրումից» հետո Թուրքիան նպատակ էր դրել դեպի Մանբիջ շարժվելու հարցը: Ախորժակը ուտելիս է բացվել: Թուրքիայի գործողությունների հետեւանքով Ռուսաստանը նույնպես վատ վիճակում է հայտնվել,ք անի որ ՌԴ Ասադի հովանովրն եւ աջակիցն է: Իսկ Թուրքիան այս քայլերով ոչ միայն քրդերի դեմ է գործում, այլեւ՝ Բաշար Ասադի: Այսինքն՝ երկարաժամկետ հեռանակարով իր ներկայությունը պահպանելու նպատակ է հետապնդում»:

Այժմ, Թուրքիան նոր մարտավարություն է որդեգրում: Անկարան համոզում է Վաշինգտոնին միասին վերահսկել Մանբիջի շրջանը, որը եւ սակարկության առարկա է, իսկ գերնպատակը Սիրիայի քրդերին Եփրատ գետի արեւելյան ափ մղելն է, Աֆրինի եւ Մանբիջի շրջաններից վտարելը:

Back to top button