Հասարակություն

Վրաստանում կարմրուկի համաճարակ կա


«Վրաստանում կարմրուկի համաճարակ կա, ոչինչ չունենք թաքցնելու»,-այս մասին «Ռադիոլուրին» ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։ Նա նշել է, որ կարմրուկով հիվանդացությունների մեծ մասը Աջարիայում է, սակայն մայրաքաղաք Թբիլիսիում ևս հիվանդների թիվն աճում է։

Եվրոպայում 2017-ին գրանցված կարմրուկի բռնկումը հասավ նաև Վրաստան։ Ռադիոլուրի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նշում է, որ դա անխուսափելի էր հատկապես 2008 թվականին, ինչպես նաև դրանից առաջ պատվաստման ծրագրի ձախողումների պատճառով, երբ պատվաստվել էին նախատեսվածից անհամեմատ քիչ քաղաքացիներ․

«Իսկապես այդպես է։ Վրաստանում կարմրուկի համաճարակ է, ոչինչ չունենք թաքցնելու»։

Ասում է կենտրոնի ղեկավարը՝ նշելով, որ այս պահին մանկապարտեզներում և դպրոցներում վերահսկողություն է իրականացվում և երեխաները ստուգվում են՝ արդյոք պատվաստված են, թե ոչ։ Նա նշում է, որ խորհուրդ է տրվում պատվաստվել նաև այն քաղաքացիներին, ովքեր չեն հիշում արդյոք պատվաստվել են կարմրուկի դեմ։

Վրաստանում համաճարակի մոտենալու մասին խոսվում էր դեռ հունվարին, երբ գրանցված դեպքերը ռեկորդային համարվեցին։ Դեպքերի մեծամասնությունը Աջարիայում է  մասնավորապես Բաթումիում Քոբուլեթիիում։ Սակայն Թբիլիսիում ևս հիվանդացության թիվն ավելանում է։ Դեպքեր են գրանցվում նաև մայրաքաղաքին մոտ շրջաններում։

Ինչ վերաբերում է համաճարակը Վրաստանի սահմաններից դուրս ևս տարածվելու հնարավորությանը, Գամկղելիձեն նշում է՝ այս պահին, երբ Եվրոպայում հիվանդության բռնկում է, հավանականությունը, անշուշտ, մեծ է։

«Կարմրուկը հեշտությամբ տարածվող հիվանդություն է։ Եթե շփումներ լինեն, իհարկե տարածվելու հավանականությունը մեծ է»։

Ռադիոլուրի հետ զրույցում ասում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ կարմրուկի դեմ հատուկ բուժում չկա, այն կառավարվում է միայն պատվաստման միջոցով:

Back to top button