Հասարակություն

Աղմկոտ հայերն ու զբոսաշրջության աղմկոտ խոստումները. Երեւանում քննարկվում են զբոսաշրջային ձեռներեցության հարցեր

Հայաստանն ու Վրաստանն իրենց զարգացող տուրիզմին փորձում են նոր շեշտադրումներ տալ՝  Իտալիայի ու Իսպանիայի արդեն զարգացած տուրիզմի փորձը հաշվի առնելով: 4 երկրների մի քանի տասնյակ երիտասարդներ Երեւանում մասնակցում են «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովին՝ քննարկելու համատեղ ծրագրեր: Բայց մինչ ծրագրերը կոնկրետացնելը՝  նրանցից շատերը  դեռ նոր են փորձում հասկանալ՝ ինչ երկիր է Հայաստանը: Այդուհանդերձ, երիտասարդները որոշ առաջարկներ ունեն՝ զբոսաշրջային ծրագրերում տեխնոլոգիական նորամուծություններ անել:

 

Իրակլի Բագատուրիան Վրաստանից է, զբոսաշրջային գործունեությամբ է զբաղվում: Իր երկրում հայ զբոսաշրջիկների միշտ ու շատ է հանդիպում, բայց նաեւ նկատում է՝ վրացիները Հայաստանի հանդեպ զբոսաշրջային  հետաքրքրությունները նույնքան հաճախ չեն փոխադարձում: Պատճառն այն չէ, որ Հայաստանը զիջում է պատմամշակութային գրավչություններով: Պարզապես զբոսաշրջային ծրագրերին նոր տեխնոլոգիական շունչ է պետք հաղորդել՝ ասում է ու բացատրում. «Որպես առաջին քայլ՝ մենք պետք է ունենանք նոր սթարթ-ափ, նոր փաստաթուղթ, որով կառաջնորդվենք զբոսաշրջային համատեղ ծրագրերը զարգացնելիս: Պիտի օգտագործենք Իսպանիայի ու Իտալիայի փորձը»:

Իրակլին Երեւանում անցկացվող  «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովի մասնակիցներից մեկն է: Ալանա Դելին էլ է նույն նպատակով Հայաստանում: Առաջին անգամ է մեր երկրում: Իսպանիայից հրավիրել են՝ քննարկելու  զբոսաշրջության ոլորտում համատեղ ձեռներեցության հեռանկարները: Բայց նախ  Ալանան փորձում է պարզել՝ ուր է եկել: Հայաստանի մասին որոշ տեղեկություններ փնտրել է համացանցում: Ինչ-որ լիճ ունեք՝ ասում է: Սեւանը՝ հուշում եմ: Թեթեւացած ժպտում է՝ այո: Կուզենա այդ լիճը տեսնել, որոշ փողոցներ Երեւանում իրեն հետաքրքիր են թվացել, դրանցով կանցնի,  իր ընկերների խորհուրդ տված որոշ վայրեր կայցելի: Զբոսաշրջային համատեղ ծրագրերից, բնական է, դեռ վաղ է խոսել: Այդուհանդերձ, համաժողովին ներկայացված տեղեկություններից որոշ եզրահանգումներ արել է. «Գինի, սնունդ՝ կարող են հետաքրքրել, կարելի է համատեղ փառատոներ անցկացնել՝ ներկայացնելու Իսպանիայի հետ ընդհանուր ու տարբերվող զբոսաշրջային գրավչությունները:

Վրաստանից, Իտալիայից ու Իսպանիայից մեր երկիր եկած շուրջ 2 տասնյակ երիտասարդներին զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են Հայաստանի զբոսաշրջային «խոստումները»: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը  խոստումներից խնդիրներին է անցնում: Զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն  չունենք, որ մարդը եկավ մեր երկիր՝ իրեն ուղղորդեն, բացատրեն՝ ուր գնալ, ինչպես տեղաշարժվել երկրում, Երեւանից ինչպես մարզեր գնալ տրանսպորտով, ինչպես զարգացած երկրներում՝ ասում է Օրբելյանը: Երեւանն այս տարվանից այս առումով առավել հյուրընկալ կդառնա, նման կենտրոն կբացվի: Բայց զբոսաշրջությանը նաեւ նոր տեխնոլոգիական լուծումներ են պետք. զրուցակիցս օրինակով է բացատրում: «Ինչ-որ հետաքրքիր նախաձեռնություն սթարթ-ափ-ի տեսքով, ինչ-որ հետաքրքիր հավելված, որը ներբեռնվի սմարթֆոնի մեջ: Գուգլ.մափ-ի վրա քարտեզի տեսքով նստեցվում է ծրագիր, ու զբոսաշրջիկն առաջնորդվում է դրանով, կողմնորոշվի՝ ո՞ր կողմ գնալ, ո՞ր ժանացային վայր, ո՞ր թանգարան»:

Աղմկոտ հայերին ու զբոսաշրջության մեր խնդիրների մասին աղմկող փաստերին զբոսաշրջիկները դեռ կհասցնեն տեղեկանալ: Բայց կարեւոր է, որ դրանք չստվերեն մեր երկրի իրական զբոսաշրջային պատկերը:

Back to top button