Հասարակություն

«Մակդոնալդսը» մտնում է Հայաստան, առաջին վաճառակետը կբացվի՞ ապրիլին

 

Հայաստանում այս տարի կբացվի ամերիկյան աշխարհում արագ սննդի խոշորագույն ցանցի՝ «Մակդոնալդսի» սննդի կենտրոն: Բացումն արդեն ծրագրված է՝ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է նախագծի նախաձեռնող, վրացի գործարար Թեմուր Չկոնիան։

Նա նկատել է, որ Թբիլիսիում արդեն գործող «Մակդոնալդս»-ը գրավում է շատ հայերի: Չկոնիան նաեւ պատասխանել է հարցին, թե արագ սննդի որոշ հայտնի ցանցերի առկայությունը չի՞ խանգարի իրենց գործունեությանը:

Երեւանի ո՞ր մասում ու ե՞րբ կբացվի «Մակդոնալդս»-ը, ու արդյո՞ք Հայաստանում ցանցի ներկայացումը միանշանակ է ընկալվում մեզ մոտ. Թեմուր Չկոնիայի հետ հարցազրույցն ու թեմայի մանրամասները՝  «Ռադիոլուր»-ն է փոխանցում:

Կբացվի անպայման՝ «Ռադիոլուր»-ի հարցին արձագանքում է վրացի գործարար Թեմուր Չկոնիան, որը եւ նախաձեռնել է Երեւանում բացել աշխարհում արագ սննդի խոշորագույն ցանցի՝ «Մակդոնալդսի» ռեստորաններից հերթականը: Ցանցի բացման մասին խոսվում է արդեն մի քանի տարի: Այսօր, ասում է գործարարը, տեղյակ եմ ու վստահ` հայաստանյան պաշտոնական շրջանակներում դեմ չեն: Ինքն էլ սպասում է Հայաստանում ընտրական գործընթացների ավարտին՝ վերջնականապես հստակեցնելու իր անելիքներն, հետո որոշելու՝ էլ որ քաղաքներում ներկայանալ ու հայտարարել բացման ամսաթիվը:

«Առաջին ռեստորանն անպայման պետք է լինի լավ տեսանելի, հարգի վայրում: Մենք վայրերի 2-3 առաջարկ ունենք: Մոտավորապես ապրիլին կորոշենք՝ որտեղ կլինի առաջին Մակդոնալդսը Երեւանում»:

Արագ սննդի որոշ հայտնի ցանցերի առկայությունը չի՞ խանգարի իրենց գործունեությանը. հարցին վրացի գործարար Թեմուր Չկոնիան վստահ է պատասխանում՝ Մակդոնալդսը, որպես այդպիսին, աշխարհում չունի իր նմանը, միակն է:

«Վրաստանում արդեն 14 ռեստորան ունենք, օրական միջինում 25 հազար հաճախորդով»:

Իսկ արդյո՞ք Հայաստանում բոլորն են հրճվանքով սպասում արագ սննդի հայտնի ցանցի մուտքին: Ոչ՝ հայտարարում է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն ու երկար թվարկում, բացատրում «ոչ»-ի պատճառները: «McDonalds»-ը և ընդհանրապես «ֆասթ ֆուդը» վտանգավոր է՝ ձեւակերպում է:

«Պատկերացնենք ձեռք բերվող մենյուն: Փաստացի՝ մի կողմից մենք գործ ունենք ահռելի մեծ քանակությամբ շաքարի հետ, որը բարձրացնում է գլիկեմիկ ինդեքսը: Մյուս կողմից գործ ունենք ակռիլամիդի, ազատ ռադիկալների հետ: Այսինքն՝ մեր օրգանիզմը կոմպլեքս ենթարկվելու է այդ նյութերի ազդեցությանը: Օգտագործվող կիսաֆաբրիկատներն արագ են պատրաստվում, դրա համար չի պահանջվում շեֆ-խոհարար: Աննշան ինչ-ոչ պրոցեսներ իրականացնելով կարողանում են այդ սնունդը սպասարկել»:

Արագ սննդում ու, մասնավորապես, «Մակդոնալդսում» հրամցվող կիսաֆաբրիկատները երկար պահպանելու համար բազմաթիվ սննդային հավելումներ են կիրառվում՝ իրենց հնարավոր բացասական ազդեցությամբ: Պատրաստվում են երկար ժամանակ եռացած ձեթի մեջ, ինչը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Մեզանից որեւէ մեկը չի կարող պատկերացնել, որ նման վայրերում ձեռք բերվողն իրականում այն չէ, ինչ ներկայացվում է՝ ասում է պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

«Օրինակ՝ հավի նագեթսները գնում եք, ու տպավորություն է, որ դրանք շատ փափուկ են, համեղ: Ինչպե՞ս են կարողացել հավից ստանալ այդպիսի փափուկ մթերք, չէ՞ որ տանը պատրաստելիս ոչ մի դեպքում այդպես չի ստացվում: Իրականում մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում հավը դրանում կազմում է 50-60 տոկոս։ Որովհետեւ օգտագործվում են տարբեր ենթամթերքներ՝ հավի կաշի, մսոսկրային ալյուր»

Պիպոյանին անհանգստացնում է նաեւ հանգամանքը, որ ռեստորանների այդ ցանցը տեղակայվելու է  կենտրոնական վայրերում: Նման ցանցի ներկայացումը գրավում է մարդկանց, ու դա բերում է սննդային սովորույթների վատթարացման: Աշխարհի լավագույն խոհանոցներից  մեկն ունեցող Հայաստանն այսօր վատագույն սննդակարգերից մեկն ունեցողն է՝ ցավով նկատում է մասնագետը ու շեշտում՝  գերադասելի է քաբաբով բրդուճը՝ բանջարեղենով, սոխ-կանաչիով. դրա բաղադրությունը թույլ չի ենթադրում այնքան ենթամթերք ու հավելումներ,  որքան արագ սննդինը:

Back to top button