Հասարակություն

Հարցաքննվել է Սամվել Բաբայանի գործով առանցքային նոր վկան


ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը:

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանին առաջին  ատյանի դատարանում հարցաքննելու հնարավորություն չէր  ընձեռվել  զուտ այն պատճառով, որ վերջինիս Վրաստանի իրավապահները դեռ չէին արտահանձնել Հայաստանին: Այսօր Ռոբերտ Աղվանյանը  առաջին անգամ ցուցմունք տվեց։ Ասաց, որ չի ճանաչում ո՛չ Սամվել Բաբայանին, ո՛չ էլ նրա մարտական ընկեր, մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանին: Ամբաստանյալներից  ճանաչեց միայն Ժորիկ մականունով Արմեն Պողոսյանին, այն էլ որպես Էջմիածնի բնակիչ: Ու թեև Աղվանյանը մեղադրվում է նաև «Իգլա»-ի մաքսանենգության մեջ, որը, ըստԱզգային անվտանգության ծառայության ավելի վաղ հրապարակած հաղորդագրության, զենիթահրթիռային համալիրը բերել է Վրաստանից, մեղադրյալը դատարանում պատմեց, որ հարևան երկրից ոչինչ չի բերել.

«Զենիթահրթիռային համալիր Վրաստանից չի բերվել, այլապես ինձ Վրաստանից Հայաստան չէին արտահանձնի։ Պատերազմի ժամանակ հայրս մեծ օգնություն է ցուցաբերել, այդ ժամանակվանից մնացել էր մեր տանը։ 2008-10 թվականին հստակ չեմ հիշում. Էջմիածինում տունս վաճառելու ժամանակ եմ հայտնաբերել»:

Ռոբերտ Աղվանյանը նշեց, որ այդ զենքը տվել  է  Հրաչ  Մայիլյանին, նպատակ է  ունեցել այն վաճառել 25 000 դոլարով, սակայն Մայիլյանը  իրեն  տվել էր 4000 դոլար՝ պայմանով, որ մնացած գումարը հետո կտա: Իր տեղեկություններով, զենքը ձեռք էր բերվելու  ազգությամբ եզդի մեկի համար:

«Առաջարկել եմ նրան տալ «Իգլա»-ն, որ քրդերին փոխանցի՝ թուրքերի հերն անիծելու համար»:

Նշենք, որ, ըստ գործի, «Իգլայի» արժեքը եղել է  50 000 ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ այս մասով ևս Աղվանյանի ցուցմունքը չի համընկնում գործի նյութերում առկա տվյալներին։ Աղվանյանը պարբերաբար կրկնում էր, որ մյուս հարցերն ուղղեն Մայիլյանին: Մայիլյանն էլ դեռ առաջին ատյանի դատարանում է հրաժարվել ցուցմունք տալուց:

Դատավորի հարցին՝ եթե զենիթահրթիռային համակարգը Հայաստանում է եղել, ինչո՞ւ է Մայիլյանին ասել, թե այն Վրաստանից է բերելու, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց՝ բարձր գնով վաճառելու համար:

Աղվանյանը նշեց նաև, որ Թբիլիսիում ձերբակալվելուց հետո հասկացել է իր սխալը։ Եւս մեկ հրթիռ է ունեցել, որը 2017-ին նվիրաբերել է հայոց բանակին: Ըստ վկայի` ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, որևէ մեկից չի վախենում և պատրաստ է պատիժ կրել այն արարքի համար, որ կատարել է:

Վերաքննիչ բողոքով դատաքննության ավարտ հայտարարվեց, եւ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Սամվել Բաբայանը եւ մյուսները վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են առաջին ատյանի վճիռը, որով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման։ Հաջորդ՝ փետրվարի 26-ին կայանալիք նիստում ճառով հանդես կգան կողմերը:

Back to top button