ԿարևորՔաղաքական

PARLIAMENT MONITORING-ը՝ նոր ԱԺ-ի ամփոփիչ արդյունքներով

Որքանո՞վ է խորհրդարանական կառավարմանն անցումն ազդել ԱԺ-ի որակական հատկությունների վրա: Սահմանադրական փոփոխություններից հետո նոր ԱԺ-ի գործունեության մոնիթորինգի առաջին արդյունքներն է այսօր հրապարակել «Մանդատ» ՀԿ-ն՝ առանցքում ունենալով նաեւ այդ հարցը:

6-րդ գումարման ԱԺ-ի առաջին երկու նստաշրջանների գործունեության մոնիթորինգի արդյունքները վերլուծելով՝ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը եզրահանգել է, որ առայժմ էական մեծ որակական տարբերություներ չեն արձանագրում կառավարման խորհրդարանական համակարգի եւ նախկին՝ կիսանախագահական համակարգում գործող ԱԺ-ների գործունեության մեջ:

 

Խորհրդարանական կառավարման անցումը ԱԺ-ի գործունեության մեջ որակական առումով մեծ բան չի փոխել: Փորձագետներն առայժմ նման եզրահանգում են անում՝ 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքների հիման վրա:

«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյան. «Համեմատության համար ասեմ, որ 5-րդ գումարման խորհրդարնի 2-րդ նստաշրջանում ընդունվել է 90 օրենք։ 6-րդ գումարման խորհրդարանի 2-րդ նստաշրջանում երեք անգամ ավելի՝ 254 օրենքներ են ընդունվել։ Օրենքներ ընդունելու առումով խորհրդարանի ինտենսիվությունը մեծացել է։ Սրան նպաստել է այն հանգամանքը, որ օրենսդիրը գտնվում է արտակարգ ռեժիմում՝ օրենսդրությունը համապատասխանեցնելու մայր օրնեքի պահանջներին։ Նկատլիորեն կրճատվել է հարցեր և ելույթների համար հատկացվող ժամանակը»:


Այս խորհրդարանում ԱԺ «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, մինչդեռ, կարծում է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ԱԺ-ի իրական դերակատարությունը, որ այն դառնա երկրում քաղաքականություն մշակող իրական ուժ, ինչ-որ տեղ մշակույթի հարց է: Միաժամանակ, սակայն, ըստ նրա, խորհրդարանի մի շարք լիազորություններ, օրինակ՝ այն հնարավորությունները, որ տրված են ընդդիմադիր խմբակցություններին, այդպես էլ կմնան զուտ տեսական:

Ըստ դիտարկման արդյունքների՝ այս խորհրդարանի առաջին երկու նստաշրջաններում օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը՝ 90 տոկոսը, կառավարությանն է ընկնում:

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը սա նորմալ է համարում, քանի որ հենց կառավարությունն է շատ ավելի լավ տիրապետում այս կամ այն բնագավառում օրենքների փոփոխության անհրաժեշտության փաստին:

Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը չի կարեւորում, որ կառավարությունն է ավելի շատ օրենքներ բերում: Նրա խոսքով՝ ընդունվող օրենքները մեծամասնությանն են, իսկ քաղաքական փոքրամասնության նախաձեռնություններն էլ չեն ընդունվում:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ նկատեց, որ այս խորհրդարանում նախագծերի նախնական քննարկումներին ավելի քիչ ժամանակ է հատկացվում, ինչի արդյունքում, սակայն, խորհրդարան են հասնում անորակ օրենքներ: Խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ-ի դերի փոքրացման մի օրինակ էլ առանձնացրեց մոնիթորինգի ծրագրի փորձագետ Մարիամ Բարսեղյանը՝ մատնանշելով ԱԺ կանոնակարգի սահմանումները էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հետ կապված.

ԱԺ մոնիթորինգը դիտարկել է նաեւ ավանդական ուղղություններ: Ամենաների տասնյակներում են  բացակայած պատգամավորների մասին տվյալները: Ամենաբացակայած պատգամավորը, ինչպես նախկինում, Գագիկ Ծառուկյանն է: Վերջինս գլխավորում է նաեւ ամենահարուստ պատգամավորների տասնյակը: Այս մասով, փորձագետ Բաբկեն Թունյանը, մի առանձնահատկություն է  նկատել՝ ի տարբերություն նախորդ խորհրդարանի.

Ամենաների տասնյակում են նաեւ տվյալներ ամենակողմ եւ ամենադեմ քվեարկած խմբակցությունների, ամենաակտիվ եւ ամենապասիվ պատգամավորների եւ խմբակցությունների մասին տվյալներ: 105 պատգամավորներից 40-ն ընդհանրապես ելույթ չի ունեցել, հարց չի տվել եւ միայն քվեարկել է: Նրանցից  14-ը «Ծառուկյան» դաշինքում են, 26-ը՝ հանրապետական խմբակցությունում: Ամբողջական զեկույցը հրապարակված է ԱԺ մոնիթորինգի կայքում:

Back to top button