Հասարակություն

Հաշմանդամների համար բուհ-ական նոր օրենքը եւս ԲՈՒՀ-ի դռները չի բացի

Բուհ-ական նոր օրինագիծը բավարար հիմքեր չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանաու իրավունքի իրացման համար, ահազանգում են հաշմանդամություն ունեցողները։ Օրինագիծը չի քննարկվել նրանց և նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ: Հաշմանդամություն ունեցողները պնդում են, որ նոր օրինագիծը ոչ միայն իրենց շահերից չի բխում, այլև ոտնահարում է իրենց հավասար կրթության իրավունքը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքներ են գրում և ընդունում մարդիկ, ովքեր լավ տեսնում են, լսում ու քայլում: Թեքահարթակային այս մտածողությունը արդեն հոգնեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ոտնահարվում է անգամ  հավասար կրթության իրավունքը՝ ահազանգում է  Դիսըբիլիթի կենտրոն հկ նախագահ Զարուհի Բաթոյանը՝ նշելով՝ բարձրագույն կրթության մասին օրինագիծն արդեն Ազգային ժողովում է: ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ մինչև կառավարության կողմից նախագծի հաստատումը հանրային քննարկումների նպատակով այն տեղադրվել է e-draft.am կայքում եւ առաջարկները հաշվի են առնվում. դրանց մի մասը կկարգավորվի ենթաօրենսդրական ակտերով: Այս ամենի մասին հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է նաև ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Նախարարությունում իրենց բավականին լավ են ընդունել, նշեց  Զարուհի Բաթոյանը: Բարձրագույն կրթության  մատչելիության հետ կապված խնդիրներ եւս կան։ Դրանք իր մաշկի վրա է զգացել նաև «Լռության ձայն» հկ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը։ Հակառակ մեծ դժվարություններին, այնուամենայնիվ սեփական ուժերով  հաղթահարել մարտահրավերները՝ 2009 թվականին նա ավարտել է Պոլիտեխնիկը: «Տեղեկատվական բացթողումներ են եղել, ինչը ազդել է մասնագիտական որակի վրա, սակայն շարունակել եմ ինքնուրույն սովորել այլ միջավայրում: Մինչ օրես այնտեղ մատչելիություն չկա եւ արդեն 8 տարի ավարտել եմ: Խնդիրը նրանում է, որ ժեստերի լեզվի թարգմանություն, օժանդակ տեխնոլոգիա, սարքավորումներ բացակայում են բոլոր բուհերում»: Բուհական կյանքը բավականին ծանր փորձություն է համարում նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայի ուսանող, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ Սիփան Ասատրյանը:  Չնայած անմատչելի միջավայրին՝ բավականին լուրջ հաջողությունների է հասել: Զարուհի Բաթոյանը չի ընդունում այն պատճառաբանությունը, թե այս բոլոր խնդիրների լուծումը կախված է ֆինանսական լուրջ միջոցներից: Ներառական կրթությունը ոչ այնքան ֆինանսական ներդրումներ է պահանջում, որքան  քաղաքական կամք՝ ասում է:

Back to top button