Մշակույթ

Կցուցադրվի Երվանդ Քոչարի վենետիկյան հայտնությունը

Երվանդ Քոչարի թանգարանում փետրվարի 16-ին, ժամը 18։00-ին ցուցադրություն-շնորհանդես՝ «Երվանդ  Քոչար. վենետիկյան քանդակի հայտնությունը»: Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ներկայացվելու է Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը: Այն Երվանդ Քոչարի վենետիկյան շրջանի /1922-1923թթ./ եզակի ստեղծագործություններից է:

2015թ. Իտալիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Ժորժ Զաքարյանի որդին՝ Պաոլո Զաքարյանը, Մաեստրոյի թանգարանին նվիրաբերեց հոր՝ իր համար սրբազան մասունք դարձած դիմաքանդակը: Այս իրադարձությունը պատահական չէր: 1990-ականներից ի վեր թանգարանը հետևողական աշխատանք էր իրականացնում քանդակի ձեռքբերման համար:

ՀՀ մշակույթի նախարարության, «Ապավեն» ընկերության տնօրեն Ա. Ղազարյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Ա. Մարտիրոսյանի աջակցությամբ 2016թ. քանդակը տեղափոխվեց Հայաստան:

Այս ստեղծագործության բնորդը Երվանդ Քոչարի ընկեր Ժորժ Զաքարյանն է, որն այդ ժամանակ սովորում էր Իտալիայում: Հետագայում Ժորժն աշխատանքի է անցնում Իտալիայի առաջատար «Հռոմ» բանկում և մինչև 1964 թ. աշխատում որպես բանկի գլխամասերի փոխտնօրեն:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժորժ Զաքարյանը նաև ղեկավարել է ENDSI գրասենյակը, որն ԱՄՆ-ից և այլ երկրներից հավաքված օգնությունը հասցնում էր Իտալիայի բնակչությանը: Զաքարյանն օգնել է նաև շատ ու շատ հայ ուսանողների Վենետիկում:

Փետրվարի 16-ի արարողությանն ինտերնետային կապ է հաստատվելու նվիրատու Պաոլո Զաքարյանի հետ:

Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը թանգարանային եզակի ցուցանմուշ է ոչ միայն որպես մշակութային արժեք, այլև որպես Հայաստանում Քոչարի վենետիկյան շրջանը ներկայացնող միակ քանդակ: Այն յուրահատուկ է նաև այն առումով, որ արտասահմանից թանգարանին նվիրաբերված առաջին ստեղծագործությունն է :

Back to top button